Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-12 10:11
ՀՈՒԼԻՍԻ 15-Ը ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
Հուլիսի 15-ը Երիտասարդների հմտությունների համաշխարհային օր է հռչակվել 2014 թվականի դեկտեմբերին՝ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևի (A/RES/69/145)։

Նման նախաձեռնության նպատակը երիտասարդների հմտությունների զարգացման գործում ներդրումներ կատարելու կարևորության մասին իրազեկումը բարձրացնելն է, երիտասարդության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը՝ գործազրկությունը վերացնելու համար։ 

Այսպիսի օր հաստատելով՝ ՄԱԿ-ը նպատակ ունի նաև կարևորել երիտասարդության դերակատարությունը կայուն զարգացման գործում, հիշեցնել երիտասարդների առողջապահության, մասնագիտական պատրաստման ու աշխատանքի տեղավորման նպատակներով ներդրումներ կատարելու անհրաժեշտության մասին։ Նման օր հիմնելու նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նիստում հանդես են եկե Շրի Լանկայի ներկայացուցիչները՝ մտահոգություն հայտնելով երիտասարդների շրջանում գործազրկության աճի ու ծավալների առիթով։

Վիճակագրական տվյալները վկայում են, որ աշխարհում երիտասարդների թիվը (15-24 տարեկան) հասնում է 1,2 միլիարդի։  Երիտասարդները, տարեցների համեմատությամբ, 3 անգամ ավելի հաճախ են հայտնվում գործազուրկի կարգավիճակում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015-ին գործազուրկ երիտասարդների թիվն աշխարհում կազմել է 73,4 միլիոն մարդ (13,1%)։ Որքան էլ  ցավալի է, այս թիվն աճելու միտում ունի։ Երիտասարդների գործազրկության և ոչ լրիվ զբաղվածության խնդիրներն ավելի սուր են դրսևորվում զարգացող երկրներում։ Սակայն նույնիսկ զարգացած երկրներում հարցը դեռ հեռու է լիովին լուծված լինելուց։ Աշխատանքային շուկան անվերջ փոփոխվում է, և երիտասարդները մշտապես պետք է հարմարվեն շուկայի պահանջներին, նոր մասնագիտույթուն կամ նոր հմտություններ ձեռք բերեն։ Երիտասարդության համար կրթությունն ու ինքնազարգացումը աշխատանքային շուկայում հաջողության հասնելու ամենամեծ գրավականն են և հանրության կենսունակության կարևոր ցուցանիշը։ Այս իսկ պատճառով երիտասարդների մասնագիտական պատրաստվածության և աշխատանքի տեղավորման խնդիրները ՄԱԿ-ի մինչև 2030 թվականի կայուն զարգացման օրակարգում նշված են իբրև առանձին կետ։   

Ինչպես ցանկացած համաշխարհային օր, Երիտասարդների հմտությունների համաշխարհային օրը ևս, լրացուցիչ հնարավորություն է առկա հարցերը բարձրացնելու, համընդհանուր ջանքերով դրանց լուծում տալու համար։

Ներկայացրեց ՆԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ