Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալություն
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալություն
Տեղադրվել է 2020-09-14 08:35
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՄԱՔՐԵԼ ԵՆ ԾԱՂԿԵՎԱՆՔԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԸ
«Երզնկայի Երիտասարդական Միություն» ՀԿ անդամ երիտասարդները, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և Օհանավանի համայնքապետարանի աջակցությամբ, ամբողջությամբ մաքրել են Ծաղկեվանքի հարակից տարածքը՝ հետագա այցելուների համար ապահովելով մաքուր ու հաճելի միջավայր։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Ուրախությամբ եմ արձանագրում, որ շրջակա միջավայրի հանդեպ սպառողական վերաբերմունքի և բնական պաշարների անխնա շահագործման կողքին քիչ չեն նաև դեպքերը, երբ մեր քաղաքացիներն ինքնաբուխ կամ պետական կառույցների աջակցությամբ ձեռնամուխ են լինում զբոսաշրջության տեսանկյունից առավել ուշագրավ տարածքների մաքրման աշխատանքներին։ «Երզնկայի Երիտասարդական Միություն» ՀԿ անդամ երիտասարդները, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և Օհանավանի համայնքապետարանի աջակցությամբ, ամբողջությամբ մաքրել են Ծաղկեվանքի հարակից տարածքը՝ հետագա այցելուների համար ապահովելով մաքուր ու հաճելի միջավայր։ Շրջակա միջավայրի վիճակը կենսական նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար, մասնավորապես ըստ իս, այն կարևոր է հատկապես բնապահպանական, սոցիալ-քաղաքական, կրթական, եւ իհարկե՝ զբոսաշրջային ու տնտեսական տեսանկյուններից: Շնորհակալ եմ մեր քաղաքացիներին, հատկապես երիտասարդական նախաձեռնություններին, օր առաջ ավելի պաշտպանված ու ավելի խնամված շրջակա միջավայր ունենալու գործում իրենց ներգրավվածության և սրտացավ վերաբերմունքի համար»,- գրել է նախարարը։