Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-11-08 18:17
ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՇՈՒՇԻԻ ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՄԲԵԹԸ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐԸ
Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարը շատ զանգեր է ստացել սփյուռքի բարերարներից, որոնք պատրաստակամություն են հայտնել վերականգնել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը, հակառակորդի հարվածներից վնասված մշակութային մյուս օջախները:

Այս մասին հայտնեց նախարար Լուսինե Ղարախանյանն:

«Արցախում ավերվել են մշակույթի տներ: Ամենամեծ մասշտաբի ավերածություն եղել է Շուշիի մշակույթի տանը: Ես արդեն շատ ու շատ զանգեր եմ ստացել սփյուռքի մեր գործընկերներից, բարերարներից, որոնք պատրաստակամություն են հայտնել օր առաջ վերականգնել մշակութային օջախները, նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը: Եվ սա հուսադրող է: Մենք կանենք, մեկ րոպե անգամ չեմ կասկածում»,-ասաց նախարարը:

Նա վստահեցրեց, որ բոլոր նախատեսված ծրագրերը կյանքի են կոչվելու: Մտադրվել էին Հադրութի Տողում բացել ինժեներական տեխնոպարկ: «Բոլոր այդ ծրագրերը, որոնք քարտեզագրել է մեր նախարարությունը, անշեղ են, և մեր ընթացքն անկասելի է, ինչ ծրագրել ենք, անելու ենք»,-ասաց նա:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի Զինված ուժերը երկու անգամ հրթիռակոծել էին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին: