Նյութը՝ Հայաստանի Հանրային Ռադիոի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-11-14 07:49
ՏԱՐԵՍԿԶԲԻՆ ՀԱՐԿԵՐԸ ՉԵՆ ԱՎԵԼԱՆԱ, 2021-ԻՆ ԷԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ՀԱՄԵՍՏ ԿԼԻՆԻ
2021թ. պետական բյուջեում նախատեսված տնտեսական աճը նախապես ծրագրված 4,8 տոկոսի փոխարեն 3,2 տոկոս է այժմ կանխատեսվում։

Հաշվի առնելով ծախսերի փաստացի մակարդակը՝ 2020 թվականի համեմատ մոտ 30 մլրդ դրամով ավելի պակաս հարկային եկամուտներ են կանխատեսվում։ Եթե չլիներ կորոնավիրուսի համավարակը, լինեին միայն ռազմական գործողություններ, ապա տնտեսական աճը շատ ավելին կկանխատեսվեր` շեշտում է նախարարը։ Բյուջեի պակասուրդը կանխատեսվել է 6․1 տոկոս։ Կառավարությունն առաջարկում է  ծախսերի նվազեցման սցենար   չքննարկել։ Ընդհանուր պետական պարտքը կանխատեսվում է ՀՆԱ 68 տոկոսը։Խորհրդարանում կարծում են, որ ծախսերի  փոփոխություն պետք է  կատարվի՝ ըստ  առաջնահերթությունների։  Եթե վերանայումն էլ արվի, ապա սոցիալական ուղղվածություն ունեցողները դժվար փոխեն, չնայած ցանկացած պահի դրանք էլ կարող են փոխվել։

«Մեծ մասը այսպես թե այնպես պետք է առնչություն ունենա ռազմական ծախսերի հետ։ Մեր բյուջեի մեջ մոտ  70  տոկոսը օրենքներով ստանձնած պարտավորություններ են ու հնարավոր չէ փոփոխություններ անել, քանի դեռ այդ օրենքները չեն փոխվել»։

«Հարկային քաղաքականության մեջ գործնականում անհնար է այնպիսի  փոփոխություններ անել, որոնք ուժի մեջ  կմտնեն   2021   թվականի հունվարի մեկից»,- ընդգծում է ֆինանսների նախարարը։  Խստացումներ չկան, մեղմացումներն էլ, ըստ էության, այս պահին նպատակահարմար չեն։  Ջանջուղազյանը հայտնում է, որ պետք է առաջ գնալ՝ ապավինելով հավաքվող հարկերին։ Դրանք պետք է արդար լինեն ու ծառայեն տնտեսական աճին։ Կապիտալ ծախսերը  ՀՆԱ–ում 3․4 տոկոս  կամ 215 մլրդ դրամ կկազմեն»։         

ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանն ընդգծում է․

«Կապիտալ ծախսերը չափազանց  կարևոր են,  հասկանալով նաև, որ փաստերն են ցույց տալիս, որ անորոշությունների ու եկամուտների օբյեկտիվ նվազման պայմաններում  մենք այնուհանդերձ ծախսերի մակարդակը չենք նվազեցնում, այլ մի փոքր էլ ավելացնում ենք։ Ակնհայտ է, որ բյուջեի վրա մեծ ճնշում կա և հատկապես պետական պարտքի ու դեֆիցիտի խորացման որոշակի մեծություն է ենթադրում, բայց սա ապագա սերունդների համար նաև հնարավորություն է»։ 

Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Արկադի Խաչատրյանը կարևորում է մակրոտնտեսական ու պարտքի կայունությունը։

«Չափազանց կարևոր է փոքր-ինչ զսպող բյուջե ունենալու պարագայում տնտեսական պոտենցիալը խթանող  հարկաբյուջետային քաղաքականություն։ Չափազանց կարևոր է կապիտալ ծախսեր կատարելու մեր կարողությունը։  Նույնիսկ այս փոփոխություններով  համարում են, որ այն ամբողջությամբ չի կարելի իրատեսական համարել»։

2021թ պետական բյուջեի նախագիծը ներառված է խորհրդարանի՝ նոյեմբերի 17–ին մեկնարկող հերթական քառօրյայի օրակարգում։