Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-11-20 20:14
ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆԸ
Այս սեզոնում դիզայներները նորաձևության մոլի երկրպագուների համար մի քանի անակնկալ են պատրաստել, որոնք կարելի է հեշտությամբ համակցել ունեցած հագուստների հետ։

Ահա մի քանի խորհուրդ աշնանային զգեստապահարանի ռացիոնալ ընտրության համար։

Հարմարավետ սվիտերները, այդ թվում և օվերսայզ ոճի, համակցվում են գործնականում բոլոր հագուստների հետ։ Դրանք գեղեցիկ են դիտվում դասական լայն տաբատների, ջինսերի, պլիսսե, A-աձև ուրվագիծ ունեցող փեշերի և անգամ շիֆոնե վետվետուն զգեստների հետ։

Սվիտեր ընտրելով՝ ուշադրություն դարձրեք վառ երանգներին և բնական հումքին։ Արդիական գույներ են դեղձագույնը, լոռամրգիի գույնը՝ բորդո+վարդագույն, դեղինը, ձիթագույնը, նարնջագույնը և ոսկեդարչնագույնը։

Ուղիղ ձևվածք ունեցող սվիտերներն ավելի շահեկան տեսք կունենան, եթե լրացվեն կաշեգոտիով, շարֆով կամ վառ բիժուտերիայով։

Այս սեզոնի աշնանային կոստյումները հաճախ քնքուշ գունամատիտային երանգների են։ Սեզոնի հիթը շոտլանդական վանդականախշով մոդելներն են։ Առավել պահանջված են բրդյա, թվիդե, բուկլեից, խիտ բամբակից կոստյումները։

Դասական տաբատները, մատիտ փեշերը և խոշոր դարսերով կարճ փեշերը կարելի է համակցել ինչպես օվերսայզ ոճի, այնպես էլ կարճլիկ մոդելների հետ։

Երկփեշ ժակետները գեղեցիկ տեսք ունեն և՛ գրասենյակային փեշի, և՛ ջինսե տաբատների ու կրոսովկաների հետ։ Կարող են լինել ինչպես միագույն, այնպես էլ նախշավոր։ Ամենահարմար դաջանախշը այս մոդելների համար վանդականախշն է, այդ թվում տարտանը, վիշին և «սագաթաթը»։ Այս մոդելների տակից կարելի է հագնել ֆուտբոլկա և տրիկոտաժե վոդոլազկա։

Խիտ գործվածքներից նվազագույն լրացուցիչ տարրերով զգեստները դիզայներները խորհուրդ են տալիս լրացնել ինքնատիպ գոտիներով։ Կերպասից, մետաքսից և շիֆոնից զգեստները պահարանի հեռու անկյունը մի մղեք. դրանք բավական շահեկան կնայվեն խոշոր հյուսվածքով սվիտերների կամ երկար կարդիգանների համակցությամբ։

Մատիտ փեշերը երևան եկան անցյալ դարասկզբին և մնայուն տեղ գրավեցին կանանց զգեստապահարանում՝ չփոխելով իրենց դասական ձևերը։ Դրանք միշտ նրբագեղ ու կանացի են, տպավորիչ կերպար ստեղծելու գրավական են հանդիսանում։ Մատիտ փեշը սազում է գործնականում բոլորին, միայն թե պետք է ճիշտ երկարություն ընտրել։ Լիքը ազդրեր ունեցողները պետք է ընտրեն այնպիսի երկարություն, որը կքողարկի լեցուն ծնկները, և շեշտը կտեղափոխվի գոտկատեղի ու կոճերի վրա։ Նեղ ազդրեր ունեցող ու «ուղղանկյուն» կազմվածքով աղջիկները պետք է նախապատվությունը տան ծնկներից վեր մոդելներին։

Մատիտ փեշը կարելի է համադրել միագույն կամ ձեր ուզած նախշով բլու-զի կամ վերնաշապկի, կիպ վոդոլազկայի կամ բարակ փուլովերի հետ։ Ցուրտ եղանակին իդեալական տարբերակ է խիտ կտորից, կաշվից կամ թավշակաշվից՝ զամշից ծնկներից ներքև երկարության մատիտ փեշ + խոշոր հյուսվածքի ազատ սվիտեր համակցությունը։ Կերպասից կամ ժանյակից տոնական մոդելները ակնահաճո են ցայտերանգ վերևի հետ։

Մի շարք ապրանքանիշներ իրենց հավաքածուներում ընդգրկել են գրասենյակային նրբագեղ մատիտ փեշեր, ինչպես նաև ձմեռային երկար փեշեր։

Տարբեր երկարության դարսավոր փեշերը կարող են կարված լինել խիտ տրիկոտաժից, կաշվից կամ բրդյա գործվածքներից։ Մինչև ծնկները հասնող երկարության հանդիպակաց խոշոր դարսերով մոդելներ շատ նորաձև են։

Աշնանային զգեստապահարանի երիտասարդական հագուստներից են բոյֆրենդ ջինսերը, դենիմից կարճավուն ուղիղ տաբատները, լայն զանգաձև՝ կլյոշ ջինսերը և ջինսե պինդ կտորից վերնաշապիկը։ Սրանց հետ իդեալական կոշիկներ են կարճավուն կազաչոկները, որոնք, ընդսմին, ոճային տեսք ունեն նաև շիֆոնե տոնական զգեստների հետ։

Այս սեզոնում արդիական են նաև ոչխարենու աստառով կուրտկաները, ծոպերիզավոր ուսադիրներով ու գոտիով դասական թրենչքոթները։ Արտառոցություն՝ էպատաժի սիրահարները կարող են ընտրել լուսածոր երանգների լաքե մաքսի թրենչներ։