Վ․ Գալուստյանը նշել է, որ նախատեսվում է բարելավել քոլեջի առաջնային նշանակության ենթակառուցվածքները, փոխել բոլոր ջրա- և հոսանքագծերը, վերանորոգել դաշտերը, շարունակել ծառատունկը։ Նախարար Ա․ Հարությունյանը շինարարական աշխատանքների տեմպը բավարար չի համարել՝ հորդորելով աշխատել առավել արդյունավետ և կատարել համապատասխան շտկումներ։ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ստեղծել սպորտային կրթության ժամանակակից չափանիշներին համապատասխան բոլոր պայմանները։

Քննարկվել են նաև կատարվող աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղիները, քոլեջի գործունեության հիմնական մոտեցումները և մի շարք ընթացակարգային հարցեր:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության մայիսի 7-ի որոշմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբաշխման արդյունքում շուրջ 743 մլն 769 հազար դրամ գումար է տրամադրվել Քաղաքաշինության կոմիտեին: Միջոցները նախատեսված են 51 ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման և նախագծային աշխատանքների համար: Հատկացված միջոցներից 176 մլն դրամը տրամադրվել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Հանրակացարանի առաջին հարկում կգործեն գրադարանը, բուժկետը, քոլեջի թանգարանը, նախատեսվում է նաև ունենալ ամֆիթատրոն։ Մյուս չորս հարկերում կլինի 44 սենյակ՝ նախատեսված 150 մարզիկի համար