Նյութը՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-11-22 16:39
ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմական ժառանգության օբյեկտների պահպանման գործում հակամարտության ավարտից հետո եւ նախատեսում է այնտեղ ուղարկել մասնագետների խումբ: Այդ մասին ասվում է միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեի հայտարարության մեջ ։

"Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ գլխավոր տնօրենը պաշտոնապես տեխնիկական օգնություն է առաջարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, որի ներկայացուցիչները մինչ օրս չէին կարող այցելել այդ տարածքներ: Նրանք կարող են իրականացնել դաշտային առաքելություն՝ բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ, որպեսզի կազմեն կարեւորագույն մշակութային արժեքների  նախնական ցուցակը՝ տարածաշրջանում ժառանգության ավելի արդյունավետ պաշտպանության համար: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաշխատի բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի պայմաններ ստեղծի նման առաքելության համար: Նախաձեռնվել են բարձր մակարդակի խորհրդակցություններ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ", - ասված է հայտարարության մեջ, որը վկայակոչում է ՌՀՄ-ն:

Միջազգային կազմակերպության ղեկավարը հստակեցրել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումները տեղի են ունեցել նոյեմբերի 18-ին: Նա հիշեցրել է նրանց մշակութային ժառանգության համընդհանուր բնույթի մասին, որը "ժողովուրդների ինքնությունից անբաժան է" ։ "Համաշխարհային հանրությունը պետք է պաշտպանի եւ պահպանի այն ապագա սերունդների համար", - նշել Է Ազուլեն, հիշեցնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձեւի մասին, որը նախազգուշացնում է "զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների ոչնչացումից եւ թալանից":  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը եւս մեկ անգամ կրկնել է հոկտեմբերի 9-ին առաջին անգամ հնչեցրած իր կոչը. "պաշտպանել այդ տարածաշրջանի ժառանգությունը" եւ "կանխել ցանկացած լրացուցիչ վնաս" պատմական օբյեկտներին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Արա Աբրահամյանը, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, նամակ էր հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին, որում նկարագրել էր Ղարաբաղում տիրող ճգնաժամային իրավիճակը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ արել անմասն չմնալ: