Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-11-22 18:12
ԳԻՏԵ՞Ք ՈՐ… ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՇՐԹՆԵՐԿԻ ՄԱՍԻՆ
1929 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր տնտեսության մեջ գոյություն ունի «շրթներկի էֆեկտ» հասկացությունը։

Դժվար ժամանակներում մարդիկ ձգտում են տնտեսել, խուսափում են մեծ և թանկարժեք գնումներից։ Նվազում է մեքենաների, անշարժ գույքի, կահույքի և կենցաղային տեխնիկայի վաճառքը, սակայն շարունակում են գնել անհամեմատ մատչելի կոսմետիկ միջոցներ։ Այսպես, 1929-33թթ. (նաև հետագայում՝ տարբեր տարիների արձանագրված գնաճի պայմաններում) ԱՄՆ-ի գեղահարդարման միջոցներ արտադրող ընկերությունների շահույթը նկատելիորեն աճել է։

Աշխարհահռչակ շատ աստղեր են զբաղվել շրթներկի գովազդով։ Ոմանք անգամ արժանացել են իրենց անունը կրող շրթներկ ունենալու պատվին։  2015 թվականի սեպտեմբերին Dolce&Gabbana ապրանքանիշը, որը հայտնի է իտալական ավանդական արժեքների նկատմամբ իր հոգատար վերաբերմունքով, այդպիսի պատվի արժանացրեց համաշխարհային կինոյի լեգենդ, իտալուհի Սոֆի Լորենին՝ նրա  ծննդյան 81-րդ տարեդարձի նախօրեին ներկայացնելով «Սոֆի Լորեն» անունով շրթներկը: Գովազդում ասվում է. ՙՍա ավելին է, քան պարզապես շրթներկը: Սա «Sophia Loren No1»-ն է, նրա գույնը, նրա խորհրդանիշը: Սա բնորոշ գույնն է Սոֆիի, որը գեղեցկության ու ոճի համաշխարհային չափանիշ է, բոլոր իտալուհիների ու նրանց կրքոտության կենդանի խորհրդանիշը: Երբ Սոֆին ժպտում է, ողջ Իտալիան ժպտում է նրա հետ՚: Ի դեպ, հենց շրթներկն է համարվում Dolce&Gabbana Make Up հոսքագծի գլխավոր արտադրանքը։ Հասած բալի երանգով «Sophia Loren No1»-ը ստեղծվել է դերասանուհու անմիջական մասնակցությամբ: Շրթներկի ոսկյա պատյանը կրկնում է Dolce&Gabbana Make Up շրթներկի դասական գծերը, որի վրա սև գույնով առկա է Սոֆի Լորենի ինքնագիրը:

Վառ կարմիր շրթներկը, որ միշտ աչքի է զարնում և ստիպում մարդկանց հայացքը չկտրել այդքան համարձակորեն շպարված կնոջից, հակասական կարծիքների տեղիք է տվել։

«Քանի որ կարմիրը արյան գույնն է, իսկ արյուն մեր մեջ շատ կա, պետք է արտաքուստ այն ի ցույց դնել»,- ասել է Կոկո Շանելը:

Մերիլին Մոնրոն գրեթե մշտապես Guerlain-ի Rouge Diabolique շրթներկ էր օգտագործում, որը քսում էր հինգ շերտով, իսկ վրայից՝ վազելին:

«Չգիտեմ ինչու, վառ շուրթերով ինձ ավելի լավ եմ զգում: Հնարավոր է՝ դա արդեն կախվածություն է»,- ասել է Քրիստինա Ագիլերան։

«Շրթներկը զենք է: Ինձ դա մայրս է սովորեցրել: Եթե օրդ լավ չի անցել, ապա կարմիր շրթներկ օգտագործիր, և տրամադրությունդ կբարձրանա։ Ես այդպես եմ անում»,- պատմում է Կիրա Նայթլին:

«Գեղեցկությունն ինձ համար սեփական մաշկի մեջ հարմարավետ զգալն է կամ շքեղ կարմիր շրթներկ օգտագործելը»,- ասել է Գվինեթ Փելթրոուն:

«Ես կարծում եմ, որ կարմիր շրթներկը ամբողջական է դարձնում կերպարը: Այն շատ զարդեր և չափազանց վառ հագուստներ չի պահանջում: Զարմանալի է, թե ինչպես է այն միանգամից ձեզ վառ և գայթակղիչ դարձնում»,- խոստովանել է Մարիոն Կոտիյարը:

Կարմիր շրթներկի կողմնակից է եղել նաև Էլիզաբեթ Թեյլորը։ «Մի քիչ խմիր, վառ ներկիր շուրթերդ և գործի անցիր»,- խորհուրդ է տվել նա:

«Իմ ամուսինը կարմիր շուրթեր է սիրում: Ես հավատարիմ եմ այդ գույնին, որպեսզի իմ սիրելին էլ ինձ հավատարիմ լինի»,- հայտարարել է Գվեն Ստեֆանին:

«Եթե կինը ցանկանում է անհասանելի լինել, սակայն ուշադրություն գրավել, ապա բավական է կարմիր շրթներկ օգտագործի: Ձեզ բոլորը կնկատեն, սակայն կվախենան մոտենալ»,- խորհուրդ է տալիս Էվելինա Խրոմչենկոն:

«Ոչինչ այնքան շքեղ չէ, որքան դասական կարմիր շրթներկը: Վառ կարմիր ներկված շուրթերն ասես վարդի նուրբ թերթեր լինեն: Առանց կարմիր շրթներկի ես միայն յոգայի պարապմունքների եմ հաճախում»,- ասում է Դիթա ֆոն Թիզը:

«Ես հավատում եմ, որ շրթներկի տուփիկը մոգական ուժ է պարունակում: Իսկ կարմիր շրթներկը վայելչության և հմայքի գագաթնակետն է: Եթե դուք հոգնել եք, չեք քնել կամ հենց նոր եք իջել ինքնաթիռից, ապա շուրթերը կարմիր ներկեք: Այդ գույնը մարդկանց ուշադրությունը կկենտրոնացնի միայն ձեր շուրթերի վրա»,- խորհուրդ է տալիս Սքարլեթ Յոհանսոնը:

«Կարմիր շրթներկը խաբուսիկ է: Այն կարող է վերափոխել աղջկան կամ այլանդակել: Եթե կարմիր շրթներկով գիշերային ակումբ ես պատրաստվում գնալ, ապա հարկավոր է անթերի դիմահարդարում անել, հակառակ դեպքում նկատելի կլինեն բոլոր թերությունները»,- իր կարծիքն էր արտահայտել Կարլ Լագերֆելդը:

ՙԿարմիրը լավ տեսք ունի միայն խնամված շուրթերի վրա: Եթե ես կարևոր արարողության պետք է գնամ, ապա դրանից առաջ գիշերն անպայման շուրթերի փիլինգ եմ անում և փափկեցնող բալզամ եմ քսում՚,- իր փոքրիկ գաղտնիքն է բացահայտել Մեգան Ֆոքսը:

«Ես կարմիր շրթներկ շատ եմ սիրում, քանի որ հիշեցնում է այն  լեգենդար գեղեցկուհիներին, ովքեր շատ տարիներ ոգեշնչել են ինձ: Իմ տատիկը նույնպես շատ գեղեցիկ կին էր և նույնիսկ տարեց հասակում կարմիր շրթներկ էր օգտագործում»,- պատմել է Թեյլոր Սվիֆթը:

«Ոչ մի պայմանով տնից դուրս չեմ գա առանց կարմիր շրթներկի և թաց անձեռոցիկի»,- խոստովանում է Քեյթ Բլանշեթը:

«Երբ ես 7 տարեկան էի, փորձում էի նմանվել Մերիլին Մոնրոյին, որն ինձ տատիկիս նման էր թվում: Նրանք երկուսն էլ աչքերին «պոչիկներ» էին ավելացնում և կարմիր շրթներկ օգտագործում: Ես ուղղակի պաշտում էի այդ կերպարը, այդ պատճառով էլ փորձում էի տանը վերստեղծել այն»,- հիշում է ամերիկացի երգչուհի, երգահան, դերասանուհի Ֆերգին:

Եվ եզրափակենք մեր այս հրապարակումը բրիտանացի երգչուհի, դերասանուհի Ռիտա Օրայի խոսքերով. «Բոլորի ուշադրությունը գրավելու ամենապարզ միջոցը կարմիր շրթներկ օգտագործելն է»։