Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-11-22 18:15
«CARTIER» ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ
Ճիշտ ընտրված զարդերը լավագույնս ամբողջացնում են կերպարը, ստեղծում են յուրօրինակ տրամադրություն, ինքնավստահություն են հաղորդում կրողին։

Ոսկերչական ապրանքանիշներից շատերն ունեն հարուստ պատմություն, որ ձգվում է տասնամյակներ։ Ֆրանսիական ոսկերչական ապրանքանիշների շարքում առավել ժողովրդակայնություն վայելողներից է Cartierը, որը հիմնադրվել է 1847 թվականին և առայսօր համարվում է ոլորտի առաջատարներից մեկը։ Ապրանքանիշը ստեղծվել է Լուի-Ֆրանսուա Կարտյեի շնորհիվ, որը ծնվել է 1819 թվականին արհեստավորի ընտանիքում։ Նկատելով որդու հակումները զարդարվեստի հանդեպ՝ հայրը ուղարկում է նրան աշակերտելու Փարիզի հայտնի ոսկերիչներից մեկին՝ Ադոլֆ Պիկարին։ Ավելի քան տասը տարի նրա գլխավորությամբ Լուի-Ֆրանսուան ուսումնասիրում է ոսկերչական արվեստի նրբությունները, յուրացնում թանկագին մետաղի ու քարերի համադրման գործի գաղտնիքները։

1847-ին Կարտյեն բացում է իր առաջին արհեստանոցը՝ գնելով այն իր ուսուցչից, և սկսում է մասնավոր պատվերներ կատարել՝ իր ստեղծած զարդերում բացահայտելով իր անկրկնելի ոճը։ 1853-ին նա տեղափոխվում է Փարիզի ամենահայտնի թաղամասը՝ Place du Palais Royal, մի քանի տարի անց իր խանութն է բացում Boulevard des Italiensում։ Երկու շաբաթ անց խանութ է մտնում մի տիկին և գնում միանգամից երեք թանկարժեք կրծքազարդ։ Պարզվում է, որ նա Նապոլեոն III-ի արքունիքի գեղեցիկ արվեստների գծով խորհրդականի կինն է, արքայադուստր Մաթիլդայի՝ Նապոլեոն Բոնապարտի ազգականուհու ընկերուհին։ Մի քանի տարվա ընթացքում այս տիկինը, Մաթիլդան և Նապոլեոն III-ի կինը՝ կայսրուհի Եվգենյան, գնում են Կարտյեի պատրաստած շուրջ 150 թանկարժեք զարդ։ Դրանք մեկական օրինակից պատրաստված ադամանդակուռ թիթեռնիկներ և բզեզներ էին, որոնք ամրացվում էին իրանակալին։

Կարտյեի հռչակն օրեցօր տարածվում էր։ Նա առաջինն էր, որ սկսեց զարդեր պատրաստել պլատինից, որն ավելի ամուր էր, քան արծաթն ու ոսկին, ինչը հնարավորություն էր տալիս ավելի շատ քարեր ագուցել մետաղի վրա։

Շուրջ 30 տարի հաջողությամբ վարելով իր գործը՝ Կարտյեն իր ընկերության ղեկավարումը փոխանցում է որդուն՝ Ալֆրեդին, որը հաջողությամբ շարունակում ու զարգացնում է ձևավորված ավանդույթները։ 20րդ դարի սկզբին Ալֆրեդն ընդլայնում է ընկերությունը՝ աշխատանքի մեջ ներգրավելով որդիներին՝ Լուիին, Պիեռին և Ժակին։ Լուին զբաղվում է Cartierի փարիզյան տնով, Պիեռն աշխատում է Լոնդոնում, իսկ Ժակը՝ Նյու Յորքում։ Անգլիական մասնաճյուղը գրավում է թագավորական ընտանիքի ուշադրությունը։ Ուելսի արքայազն Էդուարդ 7-րդը այստեղ պատվիրում է 27 ճակատակալ (դիադեմա) իր թագադրման արարողության համար։ 1904 թվականին Cartier ոսկերչական տունը դառնում է անգլիական արքունիքի պաշտոնական առաքիչը, իսկ հետագայում սկսում է իր ծառայությունները մատուցել նաև Իսպանիայի, Պորտուգալիայի, Բելգիայի և Ռուսաստանի թագավորական ընտանիքներին։

Նույն 1904 թվականին կյանքից հեռանում է ընկերության լեգենդար հիմնադիրը՝ Լուի-Ֆրանսուա Կարտյեն։ Հենց այդ շրջանում Կարտյե եղբայրները սկսում են ձեռքի ժամացույցների, մասնավորապես աշխարհահռչակ Santos մոդելի թողարկումը։ Ոսկերչական տան նորարարական մտքի շնորհիվ 1912 թվականին ծնվում են pendules mysterieuses ժամացույցները՝ Modele A-երը, իսկ երկու տարի անց վաճառքում հայտնվում են կանացի կլոր ժամացույցները՝ ադամանդներով և սև օնիքսներով, որոնցով ստեղծված զարդանախշը ընձառյուծի շքեղ մորթի է հիշեցնում։

1917 թվականին Cartier ֆրանսիական ապրանքանիշի ժամացույցների հավաքածուն համալրվեց Tank մոդելով, որը դարձավ կուլտային։ Այն կրում էին աշխարհի մեծահարուստները, հոլիվուդյան դերասաններն ու  համաշխարհային մեծության շատ աստղեր։

1933-ին ընկերության ոսկերչական բաժանմունքի տնօրենի պաշտոնը ստանձնեց Ժաննա Տուսենը՝ Փարիզի նորաձեւության աշխարհի ամենահայտնի դեմքերից մեկը, որը տեւական ժամանակ աշխատեց Լուի Կարտյեի հետ։ Նրա առաջին դիզայներական աշխատանքը 1914 թվականին ստեղծած կախիկներն էին։ Հենց նա է «Թռչունը վանդակում» կրծքազարդի հեղինակը, որը դարձավ ֆաշիստների կողմից գրավված Փարիզի խորհրդանշանը։ Խանութի ցուցափեղկում տեղադրված այս կրծքազարդի պատճառով նրան ձերբակալեցին։ Բանտից դուրս գալուն օգնեց Կոկո Շանելը, իսկ 1944-ին Տուսենը ստեղծեց «Ազատագրված թռչուն» կրծքազարդը։ Ժաննային կնքեցին «Հովազ» անունով, որը հետագայում նա դարձրեց Cartier տան խորհրդանիշը։ Այդ հովազն այսօր հայտնի է բոլորին. այն կարելի է տեսնել տարբեր ոսկերչական զարդերի և ժամացույցների վրա։ Իսկ առաջին անգամ այն հայտնվել է իլյուստրատոր Պոլ Ժուվեի էսքիզներում, որը նկարազարդումներ էր արել Մաուգլիի մասին պատմվածքաշարի համար։

Հովազի տեսքով ամենաուշագրավ զարդերից է Վինձորի դքսուհի Ուոլիս Սիմփսոնի համար 1940-ականների վերջին ստեղծված կրծքազարդը։ Ադամանդներով պատված պլատինե հովազը տեղադրված է շուրջ 47 կարատ մեծության կաբաշոն տաշվածքի հսկայական շափյուղայի  վրա։ Դքսուհու համար պատրաստված մյուս ուշագրավ զարդը մեկ ոտքի վրա կանգնած ֆլամինգոյի տեսքով կրծքազարդն է։

1960-ականների վերջին Cartier տան ղեկավարությունը ստանձնեց արդյունաբերող Ռոբերտ Հոքը, որն էլ ավելի մեծացրեց ապրանքանիշի վարկն ու հեղինակությունը։ Այս ընթացքում մեծ տարածում են գտնում օծանելիքների սրվակները, կրակայրիչները, գրիչները և Must de Cartier շարքի գալանտերիական ապրանքները։

1979-ին՝ Հոքի մահվանից հետո, Cartier ընկերության ղեկավարն է դառնում ամենախոշոր ներդրողներից մեկը՝ Ժոզեֆ Կանուիրը։ Նա միավորում է բոլոր մասնաճյուղերը Cartier Monde անվան ներքո, ավելի ուշ գործի մեջ ներգրավում է նաև կնոջը՝ Միշլին Կանուիրին։ 1981 թվականին «Կարտիե» ընկերությունը սկսում է գրոհը և նվաճում օծանելիքների շուկան Must, 1987-ին՝ Pantere և 1995-ին՝ So Pretty օծանելիքներով։

1982թ. ոսկերչության բնագավառում ընկերությունը ներկայանում է նոր ոճով, նոր ուղղությամբ, որը կրում է Nouvella Joallerie անունը։ Այդ ուղղության հիմքում նույն ոճավորված, անթերի դասականն էր՝ գրագիտորեն համադրված ձեւավորման արդի սկզբունքների հետ՝ առանց էպատաժային երկրաչափական տարրերի կիրառման և առանց գերժամանակակից ճիգերի։

1999-ին ընկերությունը դառնում է շվեյցարական Richemor կորպորատիվի մաս, որը պերճաշուք ապրանքներ արտադրող համաշխարհային հսկաներից է։

Cartier ոսկերչական տունն այսօր էլ ոլորտի առաջատարներից է։ Փարիզյան առաջին փոքրիկ արվեստանոցի հիմնադրման օրվանից շուրջ 170 տարի անց ընկերությունը ոսկյա զարդերի արտադրության ոլորտում նա չի զիջում իր դիրքերը և աշխարհում մեծությամբ երկրորդ ընկերությունն է որպես ժամացույցների և գալանտերիական պարագաների արտադրող։ Հիշենք, որ այս ընկերությունն է ստեղծել առանց թորիծի ականջին կպչող օղերը՝ կլիպսները։

Cartier ապրանքանիշի զարդերը մշտապես համարվել են շքեղության ու պերճանքի չափանիշ։ Ողջ 20-րդ դարի ընթացքում այս ընկերության պատրաստած թագերը կրել են եվրոպական բոլոր արքայական ընտանիքների ներկայացուցիչները։ Cartierի ամենահայտնի ապրանքատեսակներից են նաև 1888 թվականից թողարկվող կանացի ժամացույց-ապարանջանները և եռօղակ մատանիները. վարդագույն ոսկին խորհրդանշում է սերը, դեղինը՝ հավատարմությունը, սպիտակը՝ ընկերությունը։