Նյութը՝ Վլադ Մուրադյանի
Լուսանկարները՝ Զրուցակցի անձնական արխիվից
Տեղադրվել է 2020-12-04 19:38
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ՝ ՄԻՇՏ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԿՈՂՔԻՆ
Շուրջ 3 տարվա պատմություն ունի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը (ՀՊՎԿ), որը գտնվում է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տարածքում։

Գերժամանակակից վերականգնողական սարքերով հագեցած կենտրոնը ամբողջական վերականգնողական համալիր է, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծվում են նաև նրանց սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցերը։ Կենտրոնում այս պահին բուժում է ստանում շուրջ 140 զինվոր՝ բոլորն էլ Արցախյան մերօրյա պատերազմում ստացած ծանրագույն վիրավորումներով։

Իմ զրուցակիցը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գլխավոր վերականգնող-բժիշկ Լուսինե Պողոսյանն է։

-Այս պատերազմի և՛ զենքերն էին սարսափելի, և՛ հոգեբանական հետևանքները։ Բնականաբար, դուք էլ հայտնվել եք նոր իրավիճակում։

-Մեր կենտրոնում կատարվում է մուլտիդիսցիպլինար թիմային բուժում։ Թիմում ներգրավված են տարբեր մասնագետներ՝ վերականգնող բժիշկ, ֆիզիոթերապիստ, էրգոթերապիստ, լոգոպեդ, հոգեբան։ Ըստ անհրաժեշտության՝ հնարավորություն ունենք նեղ մասնագետի հրավիրել համալսարանական հիվանդանոցից։ Այս օրերին մեծ էր հատկապես նյարդավիրաբույժների, նյարդաբանների, ուրոլոգների, միկրովիրաբույժների, բնականաբար, նաև հոգեբույժների կարիքը, որոնց օգնությամբ և հսկողության ներքո տղաները հաղթահարում են պատերազմի մղձավանջը։ Չափազանց կարևոր է հոգեբանական աջակցության նախնական փուլը, որ հետագայում մնացորդային երևույթներ չմնան։ Մենք ջանք ու եռանդ չենք խնայում և անում ենք հնարավորը, որպեսզի տղաներին դուրս բերենք այդ վիճակից։ Այս առումով վերստին ուզում եմ ընդգծել Հայաստանում ռազմական հոգեբանության ծառայության անհրաժեշտության հարցը. ռազմական հոգեբանները պետք է աշխատեն տղաների հետ թե՛ մինչև բանակ գնալը, թե՛ զորացրվելուց հետո։

-Հիմնականում ի՞նչ վիրավորումներ ունեն զինվորները։

-Այս պատերազմի զենքերն, իսկապես, շատ սարսափելի էին։ Հիմնականում բազմաբեկորային վիրավորումներ են՝ հենաշարժողական ապարատի, խոցված ներքին օրգանների վնասումներով, այրվածքներով։ Գլխուղեղի, ողնուղեղի վնասվածքները շատ ծանր նյարդաբանական խնդիրներ են առաջացնում, ինչը դժվարացնում է ռեաբիլիտացիայի ամբողջ ընթացքը։ Ժամանակ կորցնել չի կարելի, ուստի մենք այցելում ենք վերակենդանացման բաժանմունքներ, որտեղ չկա հատուկ վերականգնողական հսկողություն, և հենց այդ պահից գործի ենք անցնում։ Շատ դեպքերում վիրավորներին վերակենդանացման բաժանմունքից անմիջապես տեղափոխում ենք մեր Կենտրոն։

-Կենտրոնի հնարավորությունները բավականացնո՞ւմ են։

-Այս պահին վիրավորները շատ են, հիվանդասենյակները՝ քիչ։ Նախատեսում ենք բացել վետերանների հոսպիտալ. եթե զինվորն իր առողջությունը կորցրել է հայրենիքը պաշտպանելիս, ապա հայրենիքը պարտավոր է անընդհատ հետևել նրա առողջությանը, բարձրացնել կյանքի որակը։ Այդպիսի հոսպիտալի բացումը կթեթևացնի նաև մր հոգսը։ Մենք ունենք բարերարներ, սակայն, կարծում եմ՝ ժամանակն է, որ պետությունը ևս աջակցի Կենտրոնի գործունեությանը։