Նյութը՝ Վլադ Մուրադյանի
Լուսանկարները՝ Զրուցակցի անձնական արխիվից
Տեղադրվել է 2020-12-04 19:45
ՀՆԱՐԱՎՈՐՆ ՈՒ ԱՆՀՆԱՐԻՆԸ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՄԱՐ
«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից, լավագույն գերմանական սարքավորումներով հագեցած պրոթեզարան, որը կծառայի զինվորներին:

Անելու ենք ամեն ինչ մեր վիրավոր հերոսների համար, անելու ենք հնարավորն ու անհնարինը»,- ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում էր կատարել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը դեռևս հոկտեմբեր ամսին։

Այս մասին զրուցում ենք Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի (ՀՊՎԿ) լրատվական բաժնի պատասխանատու Սաթեն Միքայելյանի հետ։

-Ցավալի է, բայց այս պատերազմից հետո վիրավորներից շատերը պրոթեզավորման կարիք ունեն։

-Այո, և շուտով մեր Կենտրոնը կունենա գերժամանակակից պրոթեզարան, մասնագետները կվերապատրաստվեն արտերկրում։ Ոչ բարձրորակ պրոթեզի դեպքում մարդիկ ցավից խուսափելու համար որոշում են ողջ կյանքն անցկացնել սայլակի վրա, ինչն ազդում է կյանքի որակի վրա։ Մենք ամեն ջանք գործադրում ենք, որ հնարավորինս շուտ սկսենք վերականգնողական բուժումը, ինչը մեծացնում է հաշմանդամությունը կանխելու հնարավորությունը։

-Այդ աշխատանքների արդյունավետությանը նպաստում է նաև Կենտրոնի արտագնա ծառայությունը։

-Ճիշտ եք նկատել։ Կենտրոնի մասնագետները գնում են այլ կլինիկաներ, հոսպիտալներ և հենց այդ տեղերում սկսում են իրականացնել վերականգնողական աշխատանքներ։

-Որքան գիտեմ՝ նոր մասնաշենք է կառուցվելու։

-Մինչև հիմա մեր հնարավորությունները ներում էին։  Այս պատերազմից հետո վիրավոր զինվորների թիվը կտրուկ ավեացել է, բայց հիմա էլ ցուցակագրվածներին երկար չենք սպասեցնում. առավելագույնը մեկ շաբաթ։ Գերժամանակակից պրոթեզարանի կառուցումից բացի մտածում ենք վետերանների հոսպիտալ բացելու մասին։ Զինհաշմանդամների համար կստեղծվեն վիրաբուժության, նեյրովիրաբուժության, դիմածնոտային, օրթոպեդիայի բաժանմունքներ, ատամնաբուժարան։ Այս հոսպիտալի կառուցումը կթեթևացնի նաեւ մեր Կենտրոնի աշխատանքը։

-Հիրավի, դժվար է գերագնահատել Կենտրոնի դերը։

-Առանց չափազանցության պիտի ասեմ, որ մեր Կենտրոնը թե՛ հրաշքներ գործող մասնագետների, թե՛ գերժամանակակից սարքավորումներով հագեցվածության առումով բացառիկ է որպես վերականգնողական բուժում իրականացնող հաստատություն։ Տղաներն էլ այստեղ դառնում են մի մեծ ընտանիքի անդամ. հենց իրենք են միմյանց օգնում հաղթահարելու տարբեր՝ այդ թվում նաև հոգեբանական խնդիրները։