Նյութը՝ Անի Ավետիսյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-12-15 15:27
ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ.
ՍԵՂԱՆ ԳՑԵԼԻՍ ՅՈՒՐԱՆ ՄԻՇՏ ԻՐ ՏԵՂՆ ՈՒՆԻ
2001 թվականի ապրիլի 15-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում Հարությունյանների ընտանիքում ծնվեց միակ որդին՝ Յուրան։

Չափազանց բարի էր, ջերմ ու հոգատար, անկեղծ ու համեստ։ Կենդանիներ շատ էր սիրում. միշտ ճագարներ էր պահում, նաև իր պես խաղաղ բազմաթիվ աղավնիներ ուներ։ Ուրախ մարդ էր, ամենասիրելի զբաղմունքը մարդկանց երգ ու ժպիտ պարգևելն էր։

Փոքր հասակում ընկել էր հեծանվից։ Ե՛վ հեծանիվն էր կոտրել, և՛ հագուստը պատռել։ Ծնողներից գաղտնի էր պահել կատարվածը, արցունքները զսպելով՝ քրոջ հետ թաքցրել էին հեծանիվն ու հագուստը. դրանք իր ծննդյան նվերներն էին... Այդպես էլ պահել էին որպես մանկության օրերի գեղեցիկ հուշ։

Քույր ու եղբայր շատ կապված էին իրար։ Երբ, նույնիսկ կարճ ժամանակով, իրարից հեռու էին լինում, կարոտից անգամ ջերմում էին։ Քույրը որոշ ժամանակ տեղափոխվել էր Իջևան, եղբայրը միշտ սեղանին 5 ափսե էր դնում՝ մոռանալով, որ քույրիկը տանը չէ։

...Դպրոցն ավարտելուց հետո Յուրան ընդունվել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բաժին։ 2019 թվականի հուլիսի 5-ին մեկնել էր ծառայության։ 6 ամիս ծառայել էր Գյումրու հակատանկային զորամասում, այնուհետև կրտսեր սերժանտի կոչում և 2 մեդալ ստանալով՝ մեկնել էր Արցախ։ Կարգապահ զինվորը Ֆիզուլիում ծառայելուց հետո սերժանտի կոչում էր ստացել։

Պատերազմը չընկճեց նրան։ Հասցրեց 5 տանկ ոչնչացնել, 1 տրակտոր, թշնամու զինվորներ տեղափոխող «Ուրալ» մակնիշի 1 մեքենա...

33 օր պատերազմեց Յուրան, այնպե՜ս կռվեց ու պաշտպանեց հայրենիքը, որ մինչև հիմա ծառայակիցներն ու ծանոթները զանգահարում են նրանց տուն,  պատմում նրա հերոսությունների մասին։ Դասակի հրամանատարը նրան  ներկայացրել էր պարգևի...

Յուրան իր ընկերոջ կյանքն էլ փրկեց։ Վիրավոր զինվորը աչքերը բացելուն պես առաջինը հենց դա էր հիշել ու պատմել, թե ինչպես Յուրան չէր թողնում նորակոչիկներին առաջ մղվել, վտանգել իրենց կյանքը։

Հաջորդ օրը անօդաչու թռչող սարքը խոցել էր այն մեքենան, որի մեջ Յուրան էր՝ մեկը հավերժության ճամփան բռնած մեր հազարավոր քաջերից...

Հարությունյանների տանը Յուրան այսօր էլ ներկա է. սեղան գցելիս նա իր տեղն ունի, նրա համար էլ միշտ ափսե են դնում։ Նրա հոգին իր սիրելի աղավնիների հետ ճախրում է հայոց երկնքում ու հսկում Արցախի և իր հարազատ քաղաքի սահմանները։

Ճանաչենք մեր հերոսներին՝ Յուրա Հարությունյան...