Նյութը՝ Հասմիկ Կոշկարյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-12-17 08:44
ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ.
ԱԼԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Համբերատար, խելացի, մարդասեր ու իր շրջապատը լուսավորող Ալենը կյանքի 21 տարիներն ապրեց լիարժեք՝ ծիծաղելով, ճամփորդելով, անվերջ սովորելով, սիրելով ու ստեղծելով բարին, գեղեցիկը։ Փորձեց փոխել աշխարհը և իր ներկայությամբ, խորհուրդներով ու պատմություններով մտերիմների աշխարհն էլ ավելի լավը դարձրեց։

Պատերազմի առաջին օրերին թշնամու անօդաչուի խոցումից զոհված Ալենը գերազանցությամբ սովորել և ավարտել էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ Չորս տարիների ընթացքում նա հասցրեց ձեռք բերել ընկերներ ու նրանցից յուրաքանչյուրին «վարակել» իր լուսավոր գաղափարներով։

Ալենի կուրսընկերուհի Էլեն Պողոսյանը հիշում է՝ Ալենն իր օրինակով բոլորին համոզում էր լինել մարդասեր և հանդուրժող. «Ալենը սխալ բաներ չէր անում, նրա բոլոր արարքները թե՛ իրեն, թե՛ մարդկանց հաճելի պահեր էին պարգևում։ Ոչ մի գործ կիսատ չէր թողնում, աշխատում էր ամեն ինչ անել անթերի»,- պատմում է Էլենը:

Ալենի կուրսընկերներից Էլեն Խաչատրյանը չի թաքցնում, որ Ալենից իրեն է փոխանցվել ընթերցասիրությունը, գիրք կարդալու սովորությունը:

«Կարդում էինք նույն գրքերն ու սկսում քննարկել, կարծիքներ փոխանակել։ Երբ սկսեց աշխատել և գիրք կարդալու շատ ժամանակ չուներ, կատակով ասում էի՝ ես հիմա քեզանից ավելի շատ եմ կարդում։ Ասում էր՝ ուրեմն ես իմ առաքելությունը կատարել եմ»։

Ալենի կուրսի ղեկավար Հերբերտ Գասպարյանը ընդծգում է նրա բացառիկ բարեկրթությունն ու բանիմացությունը։ Նա փայլուն կողմնորոշվում էր՝ ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում։ Ցանկացած հարցի վերաբերյալ ուներ իր սեփական կարծիքը և գիտեր՝ ինչպես այն արտահայտել։ «Նա շատ տաղանդավոր ուսանող էր, նրա հետ խոսում էի կիսատոներով, ոչ այնպես, ինչպես սովորաբար մյուս ուսանողների հետ եմ խոսում, որովհետև գիտելիքի հարուստ պաշար ուներ, կես խոսքից կարող էր հասկանալ քեզ։ Նա սովորական կուրսային բեմադրություններ չէր անում։ Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» բեմադրելիս պատմվածքի մեջ հերոսական այնպիսի շերտեր բացահայտեց»,- ասում է Հերբերտ Գասպարյանը։

Ալենը սկսած գործը երբեք կիսատ չէր թողնում։ Այդ տարիքում արդեն  դասավանդում էր «Թումո» տեխնոլոգիական կենտրոնում և մեծ ոգևորությամբ խոսում իր ուսանողների՝ մեր շնորհալի պատանիների մասին, երազում էր կրթական համակարգում բովանդակային ու անհրաժեշտ փոփոխություններ անելու մասին։ Մտերիմները նշում են՝ Ալենն անփոխարինելի, կատարյալ ընկեր էր։ Փորձում էր միշտ լսել, հասկանալ դիմացինին և տեղին խորհուրդներ տալ։ Բոլորին ոգևորում էր, նպատակաուղղում, հորդորում ապրել՝ սիրելով մարդկանց ու այն գործը, ինչով զբաղվում են։

«Մի օր շատ անտրամադիր էի, առաջարկեց քայլել զբոսայգում, ապա խնդրեց, որ իր հետ ատրակցիոն նստեմ։ Ես բարձրությունից վախենում եմ, բայց Ալենը շատ պնդեց, ու չկարողացա մերժել։ Հետո ես ապրումներիս մասին էի խոսում, իսկ ինքն ասաց. ՙԵրբ կարուսելը մեծ բարձրությունից կտրուկ ներքև է իջնում, կյանքդ ասես աչքիդ առջևով անցնում է, ու հասկանում ես, որ ոչ մի բան այդ պահին կարևոր չէ, որովհետև եթե անգամ մի երկաթի կտոր սխալ շարժվի, ամեն ինչ կարող է ավարտվել...»,-պատմում է Էլեն Խաչատրյանը։

Իր 21 տարիները Ալենն ապրեց գրքերով, ֆիլմերով, սիրելի մարդկանցով շրջապատված։ Նա փորձեց փոխել աշխարհը ո՛չ թե մարդկանց փոխելով, այլ յուրաքանչյուրի մեջ բացահայտելով գեղեցիկն ու լավագույնը։

Ճանաչենք մեր հերոսներին՝ Ալեն Մարգարյան…