Նյութը՝ ՀՀ ԿԳՄՍ Նախարարություն
Լուսանկարները՝ ՀՀ ԿԳՄՍ Նախարարություն
Տեղադրվել է 2020-12-18 18:39
ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹ. ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ՝ ԲՐՈՆԶԵ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական խաղարկության մրցումային 6-րդ օրը հայ ըմբիշները 2 մեդալ են նվաճել. Արսեն Հարությունյանը (57 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Արման Անդրեասյանը (70 կգ)՝ բրոնզե:
Ոսկե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանը 0:10 հաշվով պարտվել է աշխարհի կրկնակի չեմպիոն Զաուր Ուգուևին (Ռուսաստան): 2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 7:0 հաշվով հաղթել էր Ռումինիայի ներկայացուցիչ Ռազվան Կովաչին։ Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը համառ պայքարում 5:4 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացի Անդրեյ Յացենկոյին, իսկ կիսաեզրափակչում 7։4 հաշվով առավելության էր հասել Սերբիայի ներկայացուցիչ Ստևան Միչիչի նկատմամբ։
 
Արման Անդրեասյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից՝ 4:2 հաշվով հաղթելով Մոլդովայի ներկայացուցիչ Վալենտին Բորզինին: 1/8 եզրափակչում Անդրեասյանը 1:4 հաշվով զիջել էր Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջևին, և վերջինիս եզրափակիչ դուրս գալու արդյունքում բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն էր ստացել: Սփոփիչ գոտեմարտերում հայ ըմբիշը 10:0 և 7:0 հաշվով վստահ հաղթանակներ էր տոնել համապատասխանաբար սլովակ Դանիել Չոմանիկի և Հունգարիայի ներկայացուցիչ Դանիել Անտալի նկատմամբ: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արման Անդրեասյանի մրցակից Չերմեն Վալիևը (Ռուսաստան) ոտքի վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից։
 
Այսօր Աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալի համար պայքարելու է Վազգեն Թևանյանը (65 կգ). նրա մրցակիցը Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևն է: Ռազմիկ Պապիկյանն էլ (61 կգ) բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտ է անցկացնելու ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովի դեմ:
 
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն Աշխարհի գավաթին մասնակցել է 8 ըմբիշով. մեդալային պայքարից դուրս են մնացել Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ հունահռոմեականներից Աշխարհի գավաթում արծաթե մեդալակիր է դարձել Մալխաս Ամոյանը (72 կգ), իսկ Սլավիկ Գալստյանը (63 կգ) նվաճել է բրոնզե մեդալ: