Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-12-19 16:58
ԳԻՏԵ՞Ք ՈՐ… «ՍԱՆԳՐԻԱ»
Մոտենում է Ամանորը՝ սիրելի ու սպասված տոն բոլոր ընտանիքներում։ Յուրաքանչյուր տնտեսուհի ամեն տարի ցանկանում է մի նորամուծություն անել թե՛ տան, թե՛ սեղանի, թե՛ տոնածառի ձևավորման գործում, անպայման մի նոր ճաշատեսակ կամ խմիչք մատուցել։

Տանտիրուհիներին օգնության գալու նպատակով ներկայացնում ենք իսպանական մի խմիչք, որը կբարձրացնի տրամադրությունը, բայց չի արբեցնի։

Սանգրիան (իսպաներեն sangre՝ արյուն բառից) զովացուցիչ թեթև մրգային խառնուրդով ալկոհոլային խմիչք է, որն ի հայտ է եկել գրեթե 400 տարի առաջ Հարավային Իսպանիայում։ Իրենք՝ իսպանացիները, այն անվանում են Zurra։

Բերքահավաքի ժամանակ անտանելի շոգից «փրկվելու» համար մարդիկ  միշտ իրենց մոտ կարմիր գինի էին ունենում, որին աղբյուրի սառը ջուր էին ավելացնում ու խմում։ Նույն տիկի մեջ հաճախ քամում էին նաև հենց նոր քաղած նարինջը։ Գյուղացիներն օրն ի բուն աշխատում էին նարնջի այգիներում։ Այդպիսի խառնուրդը կարծես թեթևացնում էր կիզիչ արևի տակ նրանց աշխատանքը, զովացնում էր առանց արբեցնելու. գինովցած  աշխատելն անհնար կլիներ տապի ժամանակ։ Տարիների ընթացքում գինու և ջրի խառնուրդին սկսեցին ավելացնել նաև այլ մրգեր՝ կատարելագործելով այս հրաշալի կոկտեյլի բաղադրատոմսը։

Միասնական կարծիք չկա, թե ինչու է այս ըմպելիքը կոչվել հենց «սանգրիա»։ Համաձայն շրջանառվող վարկածներից մեկի՝ խմիչքի անվանումը կապվում է 17-րդ դարում Իսպանիայի գինեգործական գավառներից մեկում կատարված ողբերգական իրադարձությունների հետ։ Իսպանիայում մի քանի տարի շարունակ նարնջի լավ բերք չէին հավաքում։ Խոշոր կալվածատերերը, անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով իրենց կորուստներից զայրացած, որոշեցին վրեժ լուծել «ծույլ» գյուղացիներից։ Նրանց զորքը հարձակվեց խաղաղ մարդկանց վրա, հարյուրավոր անմեղ մարդիկ զոհվեցին, այդ թվում նաև կանայք ու երեխաներ։ Գուցե զայրացած տերերն այդպես էլ չխաղաղվեին, եթե գյուղացիները նվերներով չսիրաշահեին նրանց։ Ըմպելիքը, որը մատուցվեց մեծահարուստներին, նրանց շատ դուր եկավ, և նրանք ներում շնորհեցին ողջ մնացած գյուղացիներին։ Ծեծված ու արյունլվա եղած գյուղացիներն այդ ըմպելիքն անվանեցին sangria՝ արյուն՝ ի նշան այդ արյունալի իրադարձությունների։

Համաձայն մեկ այլ լեգենդի, որը տարածված է Իտալիայում, իսպանացի գյուղացիներն ու կալվածատերերը իրականում ոչ մի առնչություն չունեն սանգրիայի հետ (զարմանալի կլիներ, եթե հնարամիտ իտալացիներն իրենց չվերագրեին այդ հրաշալի ըմպելիքի հայտնագործումը)։ Ըստ իտալական վարկածի՝ խմիչքի հեղինակը  իտալացի զինվոր Խելիո Գաբալն է, որը մինչ զինվորական ծառայության անցնելը հրաշալի գյուղատնտես էր։ Միայն իրեն հայտնի պատճառներով, Գաբալը գնում է Իսպանիա, որտեղ նրան անմիջապես ձերբակալում են և կտտանքների են ենթարկում՝ համարելով օտարերկյա լրտես։ Երբ նրան վերագրվող մեղքը չի հաստատվում, ազատ են արձակում։ Ազատության մեջ հայտնվելով՝ նախկին գյուղատնտեսը սկսում է ուսումնասիրել նարնջի տեղական տեսակները (հենց այդ նպատակով էր նա եկել Իսպանիա)։ Գաբալը մտերմանում է տեղի գյուղատնտեսների և ագարակատերերի հետ, պատմում է նրանց նարնջի գինի ստանալու իր վաղեմի երազանքի մասին։ Իր հայրենիքում նա այդ աշխատանքի վրա ծախսել էր մի քանի տարի, բայց ապարդյուն։ Իմանալով, որ ամենալավ նարինջներն աճում են Իսպանիայում, նա որոշում է իր ուժերը փորձել արևոտ Կաստիլիայում։

Գաբալն անմիջապես արժանանում է բարեհամբույր գյուղացիների համակրանքին։ Նրան ծանոթացնում են իսպանացի ամենալավ գինեգործների հետ, որոնք էլ մեծ ոգևորությամբ լծվեցին իտալացի զինվորի երազանքի իրականացման գործին։ Մի քանի ամիս նրանք տանջվում էին դժվարին խնդրի լուծման վրա՝ այդպես էլ չստանալով իրենց ուզած նարնջի գինին։ Մի երեկո, երբ Գաբալն անտրամադիր, որ չի կարողանում իրականացնել երազանքը, նստած էր ընկերների հետ, ի լուր բոլորի հայտարարեց, որ այսուհետ կխմի միմիայն նարնջահամ գինի։ Նա խաղողի գինով լի կճուճի մեջ գցեց մի քանի կտոր նարինջ, ապա ավելացրեց նաև մի քանի կտոր սառույց, քանի որ շատ էր սիրում սառը նարնջի հյութ, և սկսեց խառնել։ Զարմացած իսպանացիները ուշադիր հետևում էին, թե ինչպես է խառնում իտալացին այդ բոսորագույն խմիչքը։ Փորձելով այն՝ նրանք բացականչում են՝ «Es Sangre del Diablo!» («Սա սատանայի արյո՛ւնն է»)։ Գաբալին որակում են հերետիկոս, սատանայի գործընկեր և կրկին ենթարկում են կտտանքների։ Այս անգամ նրանով զբաղվում է ինկվիզիցիան։ Գաբալը շատ վատ վախճան է ունենում. նրան խարույկ են բարձրացնում, իսկ նրա խմիչքի վրա այդպես էլ մնում է «Սատանայի արյուն» անվանումը։ Որոշ ժամանակ անց ինկվիզիցիան հանում է խմիչքի վրա դրված արգելքը և թույլ է տալիս, որ իսպանացիները սանգրիա պատրաստեն։ Այդ ժամանակներից սկսած՝ սանգրիան ամենհայտնի ալկոհոլային կոկտեյլն է Իսպանիայում։

Անցած դարի սկզբներին Իտալիայում ևս սկսեցին փրփրուն գինիներին մրգահյութ և համեմունքներ խառնել, որի արդյունքում ստացվում էր փրփրուն սանգրիա, որը տարբերվում էր ավանդականից իր նուրբ ծաղկային համով։

Հարավային Եվրոպայի այդ երկու երկրների սահմաններից դուրս այս խմիչքի մասին երկար ժամանակ ոչ ոք ոչինչ չգիտեր։ Սանգրիան համաշխարհային ճանաչում ստացավ միայն անցած դարի 60-70-ական թվականներին. ռոքնռոլի հնչյունների ներքո այն նվաճեց բոլոր բարերն ու սրճարանները։

Ճիշտ է, հին հռոմեացիներն էլ էին սիրում գինին տաքացնել ու քաղցրացնել, բայց հազարամյակների պատմություն ունեցող այդ ավանդույթը վերստին կյանքի կոչեցին իսպանացիները։ Եվ եթե այսօր կա իսպանացիներին չափազանց բնորոշ ինչ-որ ըմպելիք, ապա դա սանգրիան է։ Եվրամիությունը հայտարարել է, որ սանգրիան Իսպանիայի և հարևան երկրի՝ Պորտուգալիայի խմիչքն է և եթե որևէ մեկը ցանկանա նման ըմպելիք արտադրել Իբերական թերակղզու սահմաններից դուրս, ապա իրավունք չունի այն կոչելու սանգրիա. ապրանքապիտակի վրա պետք է գրվի՝ «բուրավետ գինի» և պարտադիր նշվի արտադրող երկրի անունը։

Որևէ մեկը իրավունք չունի ներկայացնելու պատրաստման իր բաղադրատոմսը, քանի որ օրենքում ամեն ինչ միանաշանակ ասված է զուտ իսպանական այս խմիչքի մասին։ Հստակ սահմանված է, որ սանգրիան անապակ կարմիր գինու, գազավորված կամ սովորական ջրի, ցիտրուսային մրգերի կտորների կամ դրանց հյութերի խառնուրդն է (կարելի է նաև ըստ ճաշակի շաքար ավելացնել), իսկ խմիչքի թնդությունը պետք է կազմի 7-12 աստիճան։ Իսկ եթե սանգրիային ավելացվում է օղի, լիկյոր կամ այլ բարձր թնդության ալկոհոլային խմիչք, ապա սանգրիան վերածվում է սանգրիա-սուրուի։ Այդ դեպքում խմիչքի թնդությունը բարձրանում է մինչև 14 աստիճան։ Սպիտակ գինուց պատրաստվող սանգրիան կոչվում է կլարեա (սպիտակ), իսկ սպիտակ գինով և ալկոհոլով սանգրիան՝ կլարեա-սուրա։

Եվ այսպես՝ ավանդական սանգրիա պատրաստելու համար անհրաժեշտ են  կարմիր անապակ գինի, կտրտած նարնջի խորանարդիկներ, գազավորված ջուր կամ այդ ջրից պատրաստված սառույց, շաքար՝ ըստ ճաշակի։

Այսօր ավանդական նարնջին փոխարինելու են եկել կիվին, բանանը, հապալասը, մոշը, անանասն ու ելակը։ Երբեմն դրանց փոխարինում են նաև սեխն ու ձմերուկը։ Որոշ դեպքերում էլ կարելի է շաքարի փոխարեն մեղր օգտագործել։ Ավելի խիզախները ավելացնում են մեխակ, անանուխ, մշկընկույզ, վանիլ։

Ոչ ալկոհոլային սանգրիա պատրաստելու համար գինին կարելի է փոխարինել սև խաղողի հյութով։ Վայելե՛ք։