Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ Համացանցից
Տեղադրվել է 2020-12-23 18:56
ՆԱԻՐՅԱՆ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԵՐԳԸ
«Նաիրյան». այսպես է կոչվում «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի մշակութային ծրագրերի շրջանակում ստեղծված վոկալ անսամբլը, որն ավելի քան 5 տարվա պատմություն ունի։

Անսամբլի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը, համույթի անդամներ Ելենա Ազարյանը, Աննա Մինասյանը, Անուշ Համբարձումյանն ու Անի Ղազարյանը (տարիների ընթացքում խմբի կազմը փոփոխվել է) մեծ ու շնորհակալ աշխատանք են կատարում. Կոմիտաս են երգում, հայկական ժողովրդական, ազգագրական ու հոգևոր երգեր, նաեւ հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Երգում են այնպես, ինչպես միայն նաիրյան աղջիկները կարող են երգել։

-«Նաիրյանը» բազմաձայն անսամբլ է։ Հիմնականում երգում ենք ակապելլա, երբեմն՝ դափի, կլառնետի, այլ գործիքների նվագակցությամբ. ինքներս ենք նվագում,- պատմում է անսամբլի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը։

-«Նաիրյանի» կատարումները, հիրավի, ինքնատիպ ու բացառիկ են. երգերը ներկայացվում են նաև ժեստերի լեզվով։ Ձեր մատուցմամբ ժեստերի լեզուն պար է հիշեցնում։ Ինչպե՞ս է ծնվել մտահղացումը։

-«Մուղդուսյան» կենտրոնում տարբեր խմբակներ են գործում։ Նկարչական խմբակ էր հաճախում լսողական խնդիրներ ունեցող մի երեխա։ Եվ որպեսզի նա կարողանար ներկա լինել մեր համերգին, պատկերացներ, թե ինչ է կատարվում բեմի վրա, մենք որոշեցինք սովորել ժեստերի՝ չափազանց խոսուն լեզուն։ Այսօր արդեն մեր երգացանկում շուրջ չորս տասնյակ այդպիսի երգ կա։

-Ասում են՝ երգը մարդուն ուղեկցում է անգամ ամենադժվարին պահերին։ 2020 թվականը հատկապես մեզ համար անասելի ծանր տարի էր։ Կարողացե՞լ եք աշխատել։

-Համավարակի շրջանում մասնակցել ենք առցանց փառատոնի, առցանց երկու մենահամերգ ենք ունեցել։ Մենք երբեք անտարբեր չենք մնում մարդկությանը, մեր հասարակությանը հուզող տարբեր խնդիրների հանդեպ։ Այս տարի էլ «Երգ հանուն իրավունքի» ծրագրի շրջանակներում ներկայացանք «Համարձակ եմ» երգով՝ ի պաշտպանություն կանանց իրավունքների։ Մեր բողոքի ձայնն ենք բարձրացրել և դատապարտել նաև սեռով պայմանավորված՝ հղիության վաղաժամ ընդհատման մեծաթիվ դեպքերը։ Պատերազմի օրերին էլ մեր երգացանկը հարստացավ ռազմահայրենասիրական երգերով։ Մենք ներքին մի մղումով զգացինք, որ հենց այս պահին պիտի հնչեն մեր խրոխտ ու ոգեշնչող երգերը, որոնք և՛ կատարողին, և՛ ունկնդրին ուժ են տալիս, օգնում հավատալ վաղվա օրվան։

-Գիտեմ, որ հիմնականում ինքնուրույն եք լուծում անսամբլի առաջ ծագող բոլոր խնդիրները։ Եվ դատելով արդյունքից, կատարված մեծ աշխատանքից՝ դժվարությունները ձեզ չեն վախեցնում։ Հարկ չկա ասելու, որ եթե աջակցություն լիներ, որքան ավելի շատ մտահղացումներ հնարավոր կլիներ կյանքի կոչել։

-Այո, մեր բոլոր նպատակները կյանքի ենք կոչում հիմնականում մեր ուժերով։ Եվ դարձյալ բազմաթիվ նպատակներ ունենք։ Անպայման ուզում ենք ելույթներ ունենալ մեր վիրավոր զինվորների համար։ Դեռևս Հայաստանում են Արցախից եկած բազմաթիվ երեխաներ, նախատեսել ենք նաև համերգ-հանդիպումներ փոքրիկ արցախցիների հետ։ Իսկ երբ վերանան համավարակով պայմանավորված սահմանափակումները, մտադիր ենք համերգներով հանդես գալ մեր հանրապետության տարբեր մարզերում։