Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Թամարա Գասպարյանի և համացանցից
Տեղադրվել է 24-03-2018
Արման Նուռ. «Մուսան միշտ ինձ հետ է, այն չի գնում-գալիս»
Ընթերցողի արձան, փոքրիկ գրատնակներ, «Յոթնաղբյուր» խորհրդավոր ցայտաղբյուր Երեւանում… Նշված աշխատանքները դիզայներ, ոսկերիչ, նկարիչ, քանդակագործ Արման Նուռի ստեղծագործությունների միայն մի մասն են։
Արվեստագետն իր առջեւ սահմանափակումներ չի դնում, մարմին է տալիս հավանական ու անհավանական գաղափարներին։ Eritasard.am-ի թղթակիցը Նուռի հետ զրուցել է նրա ստեղծագործական գործունեության, առանձին աշխատանքների, ինչպես նաեւ արվեստի նկատմամբ երիտասարդների վերաբերմունքի մասին։ 

- Ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր մրցույթներից մեկին՝ Ֆլորենցիայի բիենալեին, պատրաստվում էիք մի քանի տարի: Այդ նպատակով ստեղծել էիք «Ճանճ» աշխատանքը: Հետո այն «մեծացավ», ծնվեց «Ճանճ էվոլյուցիան» ու բերեց հաղթանակ: Փոքր երկրի ներկայացուցչի համար դա բացառիկ երեւույթ էր, հետխորհրդային որեւէ պետության մասնակից մինչ այդ նման մրցանակի չէր արժանացել։ Ըստ Ձեզ՝ ո՞րն էր հաջողության գաղտնիքը:

- Երբ մեկնեցի եւ տեսա, թե ինչ արվեստագետներ են հավաքված, հաղթանակն ինձ անհնարին թվաց: Եթե չհաղթեի, իհարկե, իզուր չէր գնալս. գոնե կցուցադրվեի: Հաղթելու մասին երազելը դժվար էր, որովհետեւ մրցույթը բարձրակարգ էր, մրցակցությունը շատ թեժ էր: Երեւի թե ինձ օգնեց իմ անկեղծությունն արվեստի նկատմամբ: Այն ինձ միշտ է օգնել, որովհետեւ ես թույլ չեմ տվել՝ ինձ թելադրեն, թե ինչ անեմ. ես միշտ արել եմ այն, ինչ ճիշտ եմ համարել:



- Ո՞րն էր աշխատանքների հիմնական ասելիքը:

- Շատերը երբ անվանումը լսում են, ժպտում են եւ լուրջ չեն վերաբերվում: Իրականում ճանճը վերցված է որպես օրինակ: Այս դեպքում խոսքն այն մասին է, որ պետք է կարողանաս սիրել այն, ինչ ատում ես, որովհետեւ եթե կարողանաս սիրել այն, ինչ ատում ես, կկարողանաս սիրել ամեն ինչ, չես ունենա ոչ մի տեսակ ատելություն եւ երջանիկ կլինես: Կարծում եմ՝ ատելն առաջին հերթին վնասում է ատողին, հետո՝ ատելիին: Շատ գեղեցիկ է հնչում անգլերեն. «If you can love fly, you can love everything and you can fly»: 

Ինչպես ցանկացած երեւույթ, այնպես էլ էվոլյուցիան ունի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր: Էվոլյուցիայի ընթացքում ցանկացած մարդ ավելի նշանակալի, ծանրակշիռ է դառնում, զարգանում է, տեսակը բարդանում է, բայց դրան զուգահեռ՝ նա կորցնում է մանրուքները տեսնելու ունակությունը, որոնցից կազմված են սերը եւ երջանկությունը: Այդ պատճառով էվուլյուցիայի ենթարկված ցանկացած էակ դառնում է ագրեսիվ: Կարծում եմ՝ «Ճանճ էվոլյուցիա» աշխատանքը մեծ եւ ծանրակշիռ ճանճ է, որի մեջ մտնելով՝ դու հայտնվում ես փականի մեջ, որից չես կարող դուրս գալ առանց օգնության: Այդ աշխատանքը մարդկանց հուշում է մի պահ կանգ առնել եւ փորձել չկորցնել սկզբնական հայացքը. չէ՞ որ բանականությունը դա թույլ է տալիս: 

- Վաճառելու մտադրություն ունե՞ք:

- Մոտակա երկու տարին աշխատանքը պետք է ցուցադրվի ամբողջ աշխարհում. վերոնշյալ գաղափարախոսությունը մարդկանց հասցնելու առաքելություն կա: Ապրիլի 13-ից այն կցուցադրվի «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում: Երկու ամիս այնտեղ մնալուց հետո կմեկնի տարբեր երկրներ: Երկու տարի հետո միգուցե կհանվի վաճառքի:



- Ասել էիք, որ կվաճառվի, երբ մարդկությունը կդառնա ավելի լավը:

- Ես հույս ունեմ, որ 2 տարին բավական է (ծիծաղում է):

- Ո՞րն է Ձեր առաջին նշանավոր ստեղծագործությունը:

- Շատ դժվար հարց է, որովհետեւ անձամբ ինձ համար բոլոր ստեղծագործություններս, անգամ ամենափոքր արտաբերումները նշանավոր են, որովհետեւ կապված են ներաշխարհիս հետ: Այլ հարց է, թե մյուսների համար որոնք են նշանավոր: Այդ դեպքում կարծում եմ՝ «Հանճար» շարքն է, որը մեծ արձագանք գտավ ամբողջ աշխարհում: Այդ աշխատանքը մինչ օրս ինձ մոտ է, չի վաճառվում եւ երբեք չի վաճառվելու:

- Ե՞րբ կտպագրվեն «Ընթերցող» արձանում հավաքված ստեղծագործությունները:

- Ընտրված եւ խմբագրված աշխատանքները՝ որպես ժողովածու, այս տարի կհրատարակվեն եւ վաճառքի կհանվեն քաղաքի գրատնակներում: Ի դեպ, մինչեւ տարեվերջ կկառուցվի եւս հինգ գրատնակ:

- Իսկ կբացվի՞ գրատնակների եւ «Ընթերցող» արձանի գաղտնիքը:

- Անշուշտ (ժպտում է):



- Երեւանի 2800-ամյակի առթիվ էլ ի՞նչ անակնկալների սպասենք:

- Առաջարկներ շատ կան, բայց ծանրաբեռնվածությունը, ցավոք, թույլ չի տալիս: Բացի դրանից՝ կարծում եմ, որ քաղաքը պետք չէ զարդարել ինչ-որ առիթով, քաղաքին պետք չէ լավ վերաբերվել այն բանի համար, որ քաղաքի տոնն է: Քաղաքին պետք է լավ վերաբերվել միշտ, եւ ես քաղաքին իմ վերաբերմունքը ցույց տալու շատ առիթներ կունենամ: 

- Որո՞նք են այն «սերերը», որ Ձեզ մղում են ստեղծագործելուն:

- Առհասարակ՝ սերն ամեն ինչի նկատմամբ: Սերը մեկն է, այն չի կարող լինել շատ. կա՛մ սիրում ես, կա՛մ՝ ո՛չ, կա՛մ ունակ ես սիրելու, կա՛մ՝ ո՛չ: Կան մարդիկ, ովքեր, ցավոք սրտի, չգիտեն՝ ինչ բան է սերը: Ես կարողանում եմ սիրել ամեն ինչ:

- Երբ մուսան այցելում է Ձեզ, Դուք համագործակցո՞ւմ եք, թե՞ կատարում եք նրա քմահաճույքները:

- Մուսան միշտ ինձ հետ է, այն չի գնում-գալիս (ծիծաղում է): Այն միշտ իմ կողքին է, ինձ հետ է, իմ մեջ, հետեւաբար չի կարելի ասել, որ այն առանձին ալտեր էգո կամ առանձին կերպար է: Ինքը հենց ես եմ: Ես ինքս ինձ հետ կոնֆլիկտ չունեմ, այդ պատճառով մուսայի բացակայություն երբեք չեմ զգացել: Ինձ բավական է վերցնել թուղթն ու մատիտը, եւ միանգամից կծնվի աշխատանքը:

- Ձեր ստեղծագործությունները տեղ են գտել մի շարք հայտնիների հավաքածուներում: Նրանց կողմից պատվե՞ր է լինում, թե՞ Ձեր մտահղացմամբ պատրաստված որեւէ զարդ են հավանում եւ գնում:

- Տարբեր է լինում: Շատ դեպքերում պատվիրում են: Հիմա, երբ բացվել է ցուցասրահը, կա պատրաստի աշխատանք գնելու հնարավորություն: Այդպես ավելի հարմար է, եւ կարիք չկա մեկ տարի սպասելու, մինչեւ ես կստեղծեմ որեւէ բան: Մանավանդ որ այդ աշխատանքներն էլ մեկ օրինակից են եւ երբեք չեն կրկնվում:



- «Սաթենիկ» զարդերի հավաքածուն 6 տարի պետք է համալրվի. Սաթենիկի սիրտը գրավելու համար պահանջվե՞լ է այդքան տարի: Կա՞ որեւէ սկզբունք, որով համալրվում է:

- Այս դեպքում հոգեբանական հետազոտություն է: Օրինակ՝ ես պատկերացնում եմ՝ եթե ես լինեի Արտաշեսը, դիմացս նստած լիներ Սաթենիկը, ում ես կսիրեի, բայց ով ինձ կմերժեր, ապա ի՞նչ կնվիրեի նրան՝ սիրտը շահելու համար: Դա իմ երեւակայությունն է, դա իմ ստեղծած աշխարհն է, երջանիկ լինելուս վայրն է: Այս պարագայում պատկերացնում եմ ոչ միայն Արտաշեսին ու Սաթենիկին: Ինձ այցելում են Կոկո Շանելը, Մարիա Կյուրին, Մերլին Մոնրոն, որոնց հետ շփվում եմ իմ երեւակայած աշխարհում: Մտովի զրուցելով նրանց հետ՝ ես գտնում եմ այն, ինչ կուզեի իրենց համար ստեղծել, այն, ինչը կուրախացներ նրանց հենց տվյալ պահին:

- Բազմիցս նշել եք, որ հաջողակ արվեստագետ լինելու համար անհրաժեշտ է բնության հետ կապ ունենալ: Նուռը համարո՞ւմ եք Ձեր եւ բնության կապի նշան:

- Ես ինձ չեմ նույնացնում նուռ մրգի հետ: Երբեք էլ չեմ նույնացրել, այդ պատճառով չունեմ ոչ մի աշխատանք ու սիմվոլիկա, որտեղ նուռ է օգտագործված: Նուռն ինձ համար ավելի շատ գաղափարախոսություն է: Երբ այն փոքր տարիքում ընկալում էի որպես միրգ, եւ ինձ անվանում էին այդպես, ես նեղանում էի եւ կռիվ էի անում, որ ինձ այդպես չանվանեն: Սակայն երբ ինձ համար դարձավ գաղափարախոսություն, ես այն ընդունեցի որպես իմ անուն: Արդեն 3 տարի է՝ այն անձնագրով իմ եւ երեխաներիս ազգանունն է: Նուռը՝ որպես գաղափարախոսություն, ինձ շատ է օգնում ստեղծագործական կյանքում: Ես մտածում եմ այդ սիմետրիկ ու ասիմետրիկ գաղափարախոսությամբ, եւ ինձ համար դա կարեւոր է:

- «Ծնվել եւ մեծացել է, ինչպես բոլոր մարդիկ երկրագնդի վրա: Լքել երկրագունդը չի պատրաստվում, բայց սիրում է դրա մասին երազել». այսպես եք պատասխանում, երբ Ձեր կենսագրության մասին են հարցնում: Աստված տա, Ձեր երազանքը շատ ուշ կատարվի (ժպտում է): Ի՞նչ նվեր կուզեիք թողնել հաջորդ սերունդներին:

- Դեռ չգիտեմ, քանի որ ամեն ստեղծած աշխատանք, կարծում եմ, վաղը կարող է մեկին օգնել, մեկի համար հենք լինել իր ստեղծագործական ուղին գտնելու համար: Ես հայկական ոչ մի պատրաստի զարդանախշից չեմ օգտվում, այդ հենքի վրա ստեղծում եմ նորը: Իմ կարծիքով՝ եթե ես օգտվեմ, հայկական զարդանախշի պատմության մեջ ոչ մի տող չեմ ավելացնի, իսկ եթե նորը ստեղծեմ, հայ արվեստի պատմությունը կհարստանա եւս մի քանի կամ մի քանի հարյուր զարդանախշով: Այդպիսի բաներն են, որ ուզում եմ թողնել ապագա սերունդներին: Երբ գա լքելու պահը, այդ ժամանակ կգնահատեմ՝ ինչ եմ թողել, որովհետեւ չգիտեմ, թե ինչեր կստեղծեմ:



- Ի՞նչ երազանքներ ունի արվեստագետ Արման Նուռը:

- Շատ երազանքներ: Իմ ամբողջ էությունն է կազմված երազանքներից: Երբեւէ չեն պակասում այդ երազանքները: Երբ իրականանում են, ավելի են շատանում: Գուցե պաթետիկ եւ պոետիկ հնչի, բայց իմ երազանքներն անձամբ ինձ համար չեն, այլ համամարդկային են, քանի որ, իմ կարծիքով, հնարավոր չէ մենակ երջանիկ լինել: Դու չես կարող երջանկություն ցանկանալ միայն քեզ: Եթե շուրջբոլորդ, աշխարհը դժբախտ լինեն, դու երբեք երջանիկ չես լինի: Ես ցանկանում եմ՝ ամբողջ աշխարհը երջանիկ լինի, որ ես էլ կարողանամ երջանիկ լինել: 

- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ստեղծագործողներին:

- Միտքը եւ մտքի ծնունդը շատ տարօրինակ համակարգ, որոշակի ձեւ ունեն: Եթե դու անկախ քեզնից մի անգամ, մի քանի անգամ գողանում ես միտքը, քո միտքն այլեւս երբեք կուսական չի լինի, որովհետեւ մարդու ուղեղը միշտ ձգտում է չաշխատել: Եթե գոնե մի անգամ իրեն ցույց ես տվել հեշտ ճանապարհը, նա միշտ փնտրելու է այդ հեշտ ճանապարհը եւ չի ստեղծելու իրենը: Ես խորհուրդ եմ տալիս երբեք չփորձել գողանալ. ձեր մտքում ամեն ինչ կա, դուք ամեն ինչ ունեք, պետք է ուղղակի ստիպել, որ այն դուրս գա ձեր միջից: Դա ստեղծագործ լինելու միակ բանաձեւն է:

- Ձեր կարծիքով՝ որքանո՞վ են այսօրվա երիտասարդները գնահատում եւ պահպանում արվեստը:

- Իմ երեխաներն էլ են ստեղծագործական արվեստում, սովորում են Թերլեմեզյանի անվան քոլեջում, եւ ես իրենց, իրենց համակուրսեցիների եւ շրջապատի միջոցով կարող եմ գնահատական տալ: Իմ կարծիքով՝ նոր սերունդն ավելի շատ ասելիք ունի, քան մենք ենք ունեցել կամ ունենք: Դա շատ կարեւոր է եւ մեր ապագայի փրկությունն է: Երբեմն, երբ իմ ընկերները կամ ծանոթները բողոքում են այսօրվա իրավիճակից, ես ասում եմ, որ մի քիչ համբերեն. գալիս է նոր սերունդ, որը բոլորիս կփրկի: Մենք պետք է պահենք, որ կարողանանք գոնե մի բան հանձնել իրենց, իրենք էլ զարգացնեն այն: Շատ մեծ հույս եմ կապում մեր ապագա սերնդի հետ: