Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 30-12-2018
Քրիստինե Ասատրյան. «Ծրագրերը պետք է ծառայելի դարձնել երիտասարդական կարիքներին»
Հարցազրույց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի հետ։
Քրիստինե Ասատրյանը երիտասարդական քաղաքականության պատասխանատուն է արդեն 7 ամիս, սակայն կարճ ժամանակահատվածում հասցրել է որոշակի հաջողություններ գրանցել։ Այս համատեքստում պետք է ընդգծենք նախարարության երիտասարդական ծրագրերի ներառական բնույթը, որը բերել է Քրիստինե Ասատրյանը եւ նրա թիմը։
 
- Արդեն որոշակի ժամանակ է անցել, ինչ Դուք ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալն եք երիտասարդական քաղաքականության գծով։ Ժամանակի այս խորապատկերում, երբ Դուք Հայաստանի երիտասարդական քաղաքականությունը մշակողի եւ կիրառողի դերում եք, այլ ոչ թե դրա ազդեցությունը կրողի, ինչպես նախկինում էր, ի՞նչ փոփոխություններ եք նկատել երիտասարդական ոլորտում եւ ի՞նչ փոփոխություններ եք բերել Ձեր աշխատանքով։

- Ինքներդ նշեցիք, որ ես երիտասարդական ոլորտից եմ եկել եւ լինելով ակտիվ ներկայացուցիչ՝ ինքս երբեք չեմ համագործակցել ոլորտային նախարարության հետ։ Իմ օրինակը միակը չի եղել, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ երիտասարդական աշխատողներ նույն կերպ են վարվել. ոչ թե փորձել ենք համագործակցել ու չի ստացվել, այլ ուղղակի գաղափարական որոշում է եղել, որ չպետք է համագործակցենք նախարարության հետ։ Դա, միգուցե, մի փոքր անարդար էր նախարարության նկատմամբ, բայց այնպիսին էր քաղաքական իրավիճակը, որ առավելապես սկզբունքներով էինք առաջնորդվում, քան թե առկա իրավիճակով։ Միայն 2017 թ.-ից ներգրավվել էի երիտասարդական աշխատողների վերապատրաստման դասընթացների գործում։ Նշանակումից հետո իմ առջեւ նպատակ էի դրել․ ինձ համար շատ կարեւոր էր, որ նախարարությունը նոր դեմքով հանդես գար եւ ցույց տար երիտասարդական դաշտի բոլոր խաղացողներին, այսինքն՝ այսուհետեւ կարեւորվում է աշխատանքը բոլորի հետ, ինքս ուզում էի աշխատել բոլորի հետ։

- Հաջողվե՞ց այդպես աշխատել։
 
- Փոխնախարար նշանակվելուց հետո ես երկու-երեք հանդիպում եմ ունեցել երիտասարդական ՀԿ դաշտի ներկայացուցիչների հետ, դրանք ընդհանուր բնույթ են կրել, որոշակի կազմակերպչական աշխատանքներում շատ ներկայացուցիչների ներգրավելու փորձեր են եղել։ Որպես օրինակ նշեմ Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները։ Այդ ժամանակ փորձել էինք առավելագույնս ներառական լինել եւ միջոցառումներին ներգրավել ինչպես միջազգային մեծ, այնպես էլ տեղական փոքր կազմակերպություններին։ Կարծում եմ՝ դա լավ փորձ էր սկզբի համար։ Այդ առումով (Հ.Ծ. նկատի ունի ներառական լինելը) կարծում եմ՝ արդեն որոշակիորեն հաջողել ենք, քանի որ դրա ապացույցն այն է, որ տեղական մակարդակում աշխատող ամենափոքր ՀԿ-ներից մեզ դիմում են, գալիս են այցելությունների, քննարկում են խնդիրները մեզ հետ, եւ այդպես շարունակ։ Մյուս նպատակը, որ ես եւ թիմը մեր առջեւ դրել էինք, բոլոր հնարավոր գործընկերների հետ առավելագույն ակտիվ գործունեություն ծավալելն է եղել։ Փորձել ենք հնարավորին չափ ակտիվ աշխատել միջգերատեսչական տեսանկյունից։ Օրինակ՝ բազմիցս ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ներկայացուցիչների հետ ենք հանդիպումներ ունեցել, եղել են նաեւ մի շարք հանդիպում-քննարկումներ Մշակույթի ու Կրթության եւ գիտության նախարարությունների ներկայացուցիչների հետ։ Այսպիսով՝ մենք փորձել ենք ներառել բոլոր այն գերատեսչություններին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են երիտասարդական հիմնախնդիրների հետ։

Իհարկե, յոթ ամիսը բավականին կարճ ժամանակահատված է հատկապես նմանատիպ ոչ, այսպես ասած, նյութական ոլորտում ազդեցություն թողնելու համար, բայց նախատեսել էինք եւ դեռեւս այս պահին նախատեսում ենք փոփոխել բոլոր ծրագրերի կարգերը, մոտեցումները պետք է վերանայել, դրանք պետք է դարձնել առավել ներառական, ծառայելի դարձնել երիտասարդական կարիքներին, քան այլ նպատակներին։ Սրանք էին հիմնական ուղղությունները, որտեղ մենք հաջողել ենք։ Բացի դրանից՝ որպես նյութական (դեռեւս ոչ ֆինանսական առումով) ձեռքբերում նշեմ այն, որ մենք այժմ անմիջականորեն ներգրավված ենք մի քանի ծրագրերում։

- Կմանրամասնե՞ք, թե ինչ ծրագրերի մասին է խոսքը։
 
- Կուզենայի նշել հունվարի 1-ից սկսվող ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող «Ապագայի հմտություններ մարզային երիտասարդության համար» նախագիծը։ Ընդհանուր բյուջեն շուրջ 800 հազար ամերիկյան դոլար է, իսկ նախարարությունը ներգրավված է որպես գործընկեր։ Սա նշում եմ, քանի որ վերջերս ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակում ՀՀ Կառավարությունում տեղի ունեցած միջնաժամկետ գնահատման նիստին էի ներկա, եւ հասկանալի դարձավ, որ բոլոր ծրագրերի հիմնական բաղադրիչում թիրախավորված է երիտասարդությունը, բայց, ցավալիորեն, երիտասարդական քաղաքականության համար պատասխանատու նախարարությունը ծրագրերին անմիջականորեն ներգրավված չէ։ Մեր աշխատանքներն ուղղված են եղել նաեւ այսպիսի դեպքերին։ Կարծում եմ, որ երիտասարդական քաղաքականություն մշակող եւ իրականացնող մարմինն ամեն դեպքում պետք է ներգրավված լինի նմանօրինակ նախաձեռնություններում։

- Հասկանալի է։ Անցած յոթամսյա ժամանակաշրջանի բացթողումների մասին խոսե՞նք։
 
- Իհարկե, որոշակի բացթողումներ էլ են եղել։ Ինչո՞ւ շեշտեցի գործունեության ժամանակը։ Անցած ամիսներին մենք ունեցել ենք քաղաքական ոչ կայուն իրավիճակ, որն անմիջականորեն ազդել է մեր աշխատանքի վրա, նաեւ արտահերթ ընտրություններն են ազդել։ Ունեցել ենք մի իրավիճակ, երբ դժվար են եղել ամբողջական խորությամբ աշխատանք սկսելը եւ նպատակների իրականացմանը նպաստելը։



- Լինելով երիտասարդական ոլորտում բավականին փորձառու ներկայացուցիչ, ներգրավվելով արդեն երիտասարդական քաղաքականության համար պատասխանատու կառույցում՝ Ձեր ու թիմի համար ինչքանո՞վ էր դժվար կամ հեշտ քաղաքականության ազդեցություն կրողից դառնալ այն մշակողը։ Պե՞տք է նշեմ, որ մենք հստակ ռազմավարություն կարծես չենք ունեցել, իսկ երիտասարդության մասին օրենք էլ գոյություն չունի։

- Մենք ունենք մեկ հիմնական փաստաթուղթ՝ ՀՀ Կառավարության կողմից 2015-2025 թթ.-ի համար նախատեսված «Երիտասարդական քաղաքականության հայեցակարգը»։ 2017 թ.-ից հետո էլ չունենք ռազմավարություն, հետեւաբար այդ փաստաթուղթը միակն է։ Մենք առաջնորդվում ենք այսօր այդ հայեցակարգով։ Բոլոր ծրագրերը մինչեւ այսօր այդ հայեցակարգում ամրագրված նպատակներով եւ առաջնահերթություններով են իրականացվել։ Որպես քաղաքականություն մշակող մարմին՝ փորձել ենք յոթ ամիսների աշխատանքում ներառել նաեւ այն բոլոր սկզբունքները եւ արժեքները, որոնք իր հետ բերել է հեղափոխությունը, հաշվի ենք առել բոլոր ուսումնասիրությունները, որոնք արվել են ոլորտում։ Նախատեսում ենք 2019 թ.-ից մշակել երիտասարդության մասին օրենք, որից հետո կմշակենք նաեւ հայեցակարգը եւ ռազմավարությունը, ինչը ներառված է մեր հնգամյա պլանում։ Որպես քաղաքականություն մշակող մարմին՝ կարծում եմ, որ մեզ այժմ անհրաժեշտ է նաեւ միջնաժամկետ ռազմավարություն՝ չսպասելով օրենքի ստեղծմանը, քանի որ դա ժամանակատար գործընթաց է։ Պատկերացնում եմ միջնաժամկետ ռազմավարություն թեկուզ տեղական իրավական ակտի տեսքով, բայց այն մեզ որոշակիություն եւ աշխատանքի ուղղություն կապահովի։ Այն ուղեցույց կլինի ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների եւ անհատների համար եւս։ Այդ կերպ ենք փորձելու առաջնորդվել։

Սա պայմանավորված է երկրում առկա քաղաքական իրավիճակով։ Պետք է հասկանալ, թե երբ է դաշտը կայունանալու, գուցե մի փոքր սպասել է հարկավոր, որպեսզի կարողանանք մեր նպատակներն իրականացնել։

- Եթե չունենք երիտասարդության մասին օրենք, ապա ինչպե՞ս մշակել ռազմավարությունը։ Ի՞նչ տեսլական ունի Ձեր գերատեսչությունն այս հարցում։ Բացի դրանից՝ վերջին շրջանում բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել՝ հաշվի առնելով շրջանառության մեջ առկա «ՀՀ Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որտեղ կարծես թե նշում անգամ չկա երիտասարդության հիմնահարցերի մասին, ինչը ցավալի է։ Շրջանառվում է երկրում գործադիր իշխանության կազմի օպտիմալացման հարցը։ Մի քանի նախարարություններ կարծես կմիավորվեն ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կարծես թե այլեւս չի լինելու․ այն միավորվելու է Կրթության եւ գիտության նախարարության հետ, որին միանալու է նաեւ Մշակույթի նախարարությունը։ Իհարկե, առավելապես ակտիվ քննարկվում է այն հարցը, որ երիտասարդություն բաղադրիչը տեղ չի ունենալու նոր նախարարության անվան մեջ։ Սա մտահոգի՞չ է Ձեզ համար։

- Նախորդիվ արդեն խոսեցինք, որ առաջնորդվում ենք այն հայեցակարգով, որը մեր ձեռքի տակ առկա միակ փաստաթուղթն է։ Չնայած դա Կառավարության արձանագրային որոշում է, սակայն կրկնեմ, որ միակ փաստաթուղթն է, որում ամրագրված առաջնահերթություններով մենք կարող ենք առաջնորդվել միջնաժամկետ ռազմավարություն մշակելիս։ Իհարկե, ոչ ամբողջությամբ կիրառելու մասին է խոսքը, քանի որ հեղափոխությունից հետո արժեհամակարգային փոփոխություններ պետք է մտցնել։ Կարծում եմ՝ պետք է ունենալ միջնաժամկետ ռազմավարություն եւ գործողությունների պլան, որպեսզի մեր աշխատանքներն ավելի կազմակերպված եւ ավելի թիրախավորված լինեն։

Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա պետք է անկեղծ նշեմ, որ անձամբ կարծում եմ՝ երիտասարդության բաղադրիչը շատ ավելի համապատասխանում է կրթության եւ գիտության բաղադրիչներին Կառավարության կառուցվածքի մեջ, քան սպորտին։ Սա ամենեւին չի նշանակում, թե սպորտը երիտասարդությանը չի վերաբերում կամ էլ երիտասարդությունը որեւէ առնչություն չունի սպորտի հետ։ Կարծում եմ, որ ոլորտի միջգերատեսչականությունը հաշվի առնելով եւ այսօր դրա բավականաչափ բազմաշերտ լինելը նկատի ունենալով՝ երիտասարդական քաղաքականության ուղղությունը կրթության եւ գիտության ոլորտին միավորելը շատ ավելի արդյունավետ կարող է լինել մեր աշխատանքի իրականացման տեսանկյունից։ Դրա հետ կապված ինքս որեւէ խնդիր չեմ տեսնում։ Կարծում եմ, որ երիտասարդություն բաղադրիչի առկայությունը կարեւոր է, նորաստեղծ կառուցվածքի մեջ այն պետք է պարտադիր տեղ ունենա՝ հաշվի առնելով վերոնշյալ դրույթները՝ միջգերատեսչականություն, երիտասարդական խնդիրների բազմաշերտայնություն...
 
- Այսօր սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ են ընթանում թեմայի վերաբերյալ։ Դուք ծանո՞թ եք այդ քննարկումներին։ Կա տեսակետ, թե երիտասարդության հարցերի մասով անգամ կառույց էլ անհրաժեշտ չէ, քանի որ տարիքային շերտի համար նախարարություն չպետք է լինի։ Այսպիսի պնդումը իրական հիմքեր ունի՞։

- Միանշանակ այդպիսի պնդման համար հիմքեր չկան։ Երիտասարդական խնդիրները միմիայն տարիքային խնդիրներ չեն։ Պետք է հասկանալ, որ խոսքը միայն 15-30 տարեկան մարդկանց չի վերաբերում։ Երբեմն մտածում ենք, որ երեխաների խնդիրները սոցիալական իրավունքների հետ են կապված եւ առողջապահության մասով են, քանի որ դրանք շատ հատուկ տարիք են ընդգրկում։ Երիտասարդական խնդիրները բազմաշերտ են, քանի որ դրանք, իրոք, վերաբերում են գրեթե բոլոր ոլորտներին։ Դրանք կարող են լինել թե՛ սոցիալական, թե՛ առողջապահական, թե՛ զբաղվածության, թե՛ մարդու իրավունքների, թե՛ գործազրկության, թե՛ անգամ ժամանցի կազմակերպման առումով։ Կրթությունը եւ աշխատանքը չեն երիտասարդության ինքնադրսեւորման հարթակները։ Սա բազմաշերտ, նաեւ համակարգային խնդիրներ են։ Դրանց լուծումները գտնելու համար անհրաժեշտ են ուղղորդված եւ թիրախային երիտասարդական քաղաքականության մշակում եւ իրականացում։

Հ.Գ.։ Հայաստանում երիտասարդական քաղաքականության անհրաժեշտության եւ կարեւորության մասին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի հետ մեր առանձին հարցազրույցը կհրապարակվի ավելի ուշ։