Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի և Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 16-06-2018
Կայացավ «ՀՀ Դեղագործական կոնֆերանս-2018»-ը
Հունիսի 16-ին կայացավ «ՀՀ Դեղագործական կոնֆերանս-2018»-ը, որը կազմակերպել էր «ՀՀ դեղագործության զարգացման ասոցիացիա» ՀԿ-ն: Կոնֆերանսի գլխավոր թեման էր «Որակի ապահովման բաղադրիչները՝ դեղի կենսացիկլի ընթացքում»:

«ՀՀ դեղագործության զարգացման ասոցիացիա» ՀԿ-ն հիմնադրվել է 2015 թ.-ին՝ նպատակ ունենալով զարգացնել ՀՀ-ում դեղագործության ոլորտը: Կարճ ժամանակահատվածում ասոցիացիան իրականացրել է դեղագետների եւ դեղագործների մասնագիտական ունակությունների, հմտությունների, իրազեկվածության զարգացման բարձրացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր, միջոցառումներ, այդ թվում ՝ ՇՄԶ կրեդիտներով կրեդիտավորված միջոցառումներ: 

Ասոցիացիան հանդիսանում է դեղագործական ոլորտի խնդիրների վերհանման եւ լուծումների առաջարկության, նորությունների իրազեկման արդյունավետ հարթակ, ինչպես նաեւ կապող օղակ՝ գործատուների եւ ապագա կադրերի միջեւ: 

«ՀՀ դեղագործության զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գոռ Սարգսյանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կոնֆերանսին նախապատրաստվել են մոտ 30 օր, իսկ համագործակցության շրջանակները ծավալել են ՀՀ առողջապահության նախարարության ու «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի հետ: Բանախոսների ընտրությունը կանգ է առել դեղերի փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների վրա, ովքեր ունեն բազմամյա փորձ եւ թեմատիկ իրազեկվածության բարձր մակարդակ: 

«Մեր կազմակերպության գլխավոր նպատակը ՀՀ-ում դեղագործության զարգացումն է, իսկ ոլորտի զարգացումն իրավմամբ անհնար է պատկերացնել առանց պատշաճ գործունեության եւ սկզբունքների: Ուստի կոնֆերանսի թեման եւս պատահական չէ ընտրված, այն է՝  «Որակի ապահովման բաղադրիչները՝ դեղի կենսացիկլի ընթացքում»,- նշեց Գոռ Սարգսյանը: 

Նրա խոսքով՝ դեղագործության ոլորտի զարգացման գործում «ՀՀ դեղագործության զարգացման ասոցիացիա» ՀԿ-ն շատ անելիքներ ունի: Մոտ ապագայում կստեղծվի Դեղագործական կոալիցիա, որը մեկ հարթակում կհամախմբի ամբողջ ոլորտը՝ բարեփոխումների ուղղությամբ քննարկումներ եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: 



ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, կարեւորելով նմանօրինակ կոնֆերանսների կազմակերպումը, նշեց, որ  «ՀՀ դեղագործության զարգացման ասոցիացիա» ՀԿ-ն ոլորտում բավականին լայն գործունեություն է ծավալում՝ նպաստելով ոլորտի զարգացմանը: 

«Իհարկե, ոլորտի լիարժեք կայացման համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու, սակայն արված քայլերը փաստում են, որ ոլորտն իրապես զարգացման ուղի է բռնել: Համոզված եմ, որ նման կոնֆերանսների կազմակերպումը հաճախակի բնույթ կկրի եւ կնպաստի ինչպես իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, այնպես էլ դեղագործության ոլորտի զարգացմանը»,- նշեց Անահիտ Ավանեսյանը: 

«Վիկտորիա քոնսալթինգ» դեղագործական մարքեթինգային ընկերության մարքեթինգի մենեջեր Զարուհի Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց ընկերությունն աջակցում է նմանօրինակ կոնֆերանսների կայացմանը եւ միեւնույն ժամանակ ներկայացնում դեղագործական ոլորտի եւ դեղագետների մասնագիտական զարգացման իրենց տեսլականը: 

«Ոլորտի զարգացմանը նպաստելու համար մենք մտադիր ենք սկսել երիտասարդ կադրերի գիտելիքային մակարդակը բարձրացնելուց: Կլինեն տարբեր թրեյնինգներ, որոնք կներառեն այնպիսի ուղղվածություններ, ինչպիսիք են դեղագործության զարգացումը բիզնեսի ոլորտում, դեղատների գործունեության զարգացումը եւ այլն»,- նշեց Զարուհի Կարապետյանը եւ հավելեց, որ համատեղ ուժերով կարվի ամեն հնարավորը՝ ոլորտի զարգացումն ապահովելու համար: