Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-02-2019
«Ռեալի» 4 ֆուտբոլիստ ՈՒԵՖԱ-ի՝ 2018 թ.-ի «Տարվա թիմում» են
2018 թ.-ի ֆուտբոլային գլխավոր դափնեպսակները վաղուց գտել են իրենց հասցեատերերին, իսկ ահա ՈՒԵՖԱ-ի կողմից «Տարվա թիմը» հայտարարվեց միայն վերջերս։

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է 2018 թ.-ի խորհրդանշական հավաքականը՝ «Տարվա թիմը»։ Աստղային կազմը որոշվել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում տեղի ունեցած երկրպագուների քվեարկության արդյունքում՝ 11 ընտրյալների շարքից դուրս թողնելով մի շարք ֆուտբոլիստների, որոնք փայլել են 2018 թ.-ի ընթացքում։ Մոհամեդ Սալահ, Նեյմար, Անտուան Գրիզման... եւ բազում ուրիշներ տեղ չեն գտել «Տարվա թիմում»։

Քվեարկությանը մասնակցել են 168.543 օգտատերեր, որոնց քվեների թիվը գերազանցում 1.8 մլն։ Երկրպագուների քվեարկության արդյունքում «Տարվա թիմի» դարպասապահը Մարկ-Անդրե Տեր Շտեգենն է։ «Բարսելոնայի» դարպասապահի օգտին քվեարկել 30.4 տոկոսը։ Լավագույն պաշտպան են դարձել Մադրիդի «Ռեալի» միանգամից 3 ֆուտբոլիստ՝ Սերխիո Ռամոսը, Ռաֆայել Վարանը եւ Մարսելոն։ Քառյակը եզրափակել է «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ Վան Դայկը։

Երեք կիսապաշտպաններից երկուսը ներկայացնում են անգլիական «Չելսին»՝ Էդեն Ազարը եւ Ն՚Գոլո Կանտեն։ 2018 թ.-ի «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուկա Մոդրիչը եւս լավագույնների թվում է։ Ի դեպ, նա Մադրիդի «Ռեալի» 4-րդ ֆուտբոլիստն է, որն ընդգրկված է «Տարվա թիմում»։

Ասել է, թե 2018 թ.-ի մրցաշրջանը «Ռեալի» համար լավագույններից մեկն է եղել։ Իսպանական թիմի պատմության լավագույն ռմբարկու Քրիշտիանու Ռոնալդուն, ով 2018-2019 մրցաշրջանը սկսել է իտալական «Յուվենտուսի» կազմում, եւս «Տարվա թիմում» է։ Ի դեպ, 33-ամյա պորտուգալացու օգտին ամենից շատ քվեներն են ստացվել՝ 108.423 քվե կամ 64.3 տոկոս։

Ոչ պակաս աջակցություն է ստացել երկրպագուների կողմից «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին։ Արգենտինացին եւս «Տարվա թիմում» է ընդգրկված։ Նրա օգտին քվեարկել են 107.326 անգամ կամ քվեարկողների 63.7 տոկոսը։

«Տարվա թիմի» հարձակման եռյակը եզրափակում է Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թ.-ին աշխարհի չեմպիոն դարձան Կիլիան Էմբապպեն։ 20-ամյա ֆուտբոլիստը ստացել է 65.098 քվե կամ քվեարկողների ձայների 38.6 տոկոսը։