Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-02-2019
«Ադիդաս»-ը ներկայացրել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի գնդակը
Մադրիդի «Մետրոպոլիտանո» ստադիոնում հունիսի 1-ին սպասվող եզրափակիչի գլխավոր աստղը՝ գնդակը, ներկայացվել է հանրությանը։

2019 թ-ի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի գնդակը ստացել է, ինչպես եւ սպասվում էր, տեղանքային՝ «Madrid Finale 19» անունը։ Այն պատրաստվել է հանրահայտ «Ադիդաս» ընկերության կողմից։ Գունային առումով այս գնդակը նորարական է. օգտագործվել են կարմիր եւ նարնջագույն երանգները, ինչն առավելապես բնորոշ է ձնապատ խոտածածկի համար։

Գնդակը զարդարում են սպիտակ աստղերը, որոնք վաղուց ավանդական են դարձել Չեմպիոնների լիգայի համար։ Հնգանկյուն աստղերից զատ քիչ չեն նաեւ վեցանկյունները, որոնք բոլորն էլ ստացել են ժամանակակից, ոճային եւ յուրատեսակ գունավորում՝ կարմրի եւ նարնջագույնի խառնուրդ։

Սպասվում է, որ նոր գնդակը կիրառության մեջ կմտնի արդեն մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլից, որի մեկնարկը կտրվի ընդամենը շաբաթներ անց՝ փետրվարին։ Հատկանշական է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի բոլոր գնդակները վերջին տարիներին տեխնոլոգիապես բավականին լավ զինված են, ինչը թույլ է տալիս արձանագրել դարպասի գրավումը նորարարական եւ արդիական տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով։